Յուրաքանչյուր կյանք նմանակում է անմահությունը յուրովի:
Սթիվեն Քինգը սարսափ գրականության ժամանակակից վարպետ է: Ծնվել է 1947 թ. Միացյալ Նահանգների Մեն նահանգի Փորթլենդ քաղաքում: Ծնողները բաժանվել են, Սթիվենին և նրա եղբորը մեծացրել է մայրը: Ընտանիքը շարունակ տեղափոխվել է տարբեր քաղաքներ, սակայն Սթիվենի ուսումը չի տուժել: Ավելին՝ դպրոցում նրան հաջողվում էր կարճ սարսափ պատմվածքներ գրել և վաճառել դասընկերներին, ավելի ուշ՝ տղամարդկանց համար նախատեսված ամսագրերին:
Քինգի գրական կարիերան զարգացել է տարբեր կեղծանունների ներքո պատմվածքներ գրելով, մինչ նա կայանում էր որպես ժամանակակից սարսափ և թրիլլեր գրականության վարպետ և ժանրը բարձունքին հասցնող հեղինակ: Գրողի առաջին՝ «Քերրի» վեպը լույս է տեսել 1974 թ. և արդեն իսկ բավականաչափ եկամուտ բերել գրողին:
«Փայլատակում»–ը Քինգի երրորդ վեպն է՝ բեսթսելլեր, որն ունի նաև ինքնակենսագրական տարրեր: 1980 թ. Սթենլի Կուբրիկն էկրանավորեց վեպը, և Ջեք Նիկոլսոնի գլխավոր դերակատարմամբ սարսափ ֆիլմը նույնպես նպաստեց Քինգի հռչակի տարածմանը: 2015 թ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Քինգին հանձնեց ԱՄՆ կառավարության ամենաբարձր՝ «Արվեստների ազգային մեդալ» մրցանակը: Քինգի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերը սարսափ կինոյի լավագույն ցանկերում են:
Քինգի կինը՝ Թաբիթա Քինգը, նույնպես զբաղվում է գրական գործունեությամբ. այսօր Քինգ զույգն ունի հարյուրի հասնող գրական մրցանակներ, երեք ռադիոընկերություն, բարեգործական հիմնադրամ, վարում է ակտիվ ստեղծագործական կյանք: