Բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան
1930 - 2020
Ծնվել է ՀՀ Ակներ գյուղում: 1945թ. ավարտել է տեղի յոթամյա, 1948թ.՝ Ալավերդու Ս.Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցները, 1952թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, 1957թ.՝ Մոսկվայի ժուռնալիստիկայի բաձրագույն դասընթացները:
Տարբեր տարիների աշխատել է «Պիոներ կանչ», «Ավանգարդ» թերթերի, «Ոզնի» երգիծաթերթի, «Խորհրդային Հայաստան» ամսագրի, Հայաստանի Ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրություններում, «Արևիկ» հրատարակչությունում։ Դասախոսել է «Հայբուսակ» համալսարանի հումանիտար ֆակուլտետում։
1953թ. լույս է տեսել նրա անդրանիկ` «Առաջին երգ» խորագրով ժողովածուն: Հրատարակել է մանկական, քնարական, երգիծական ավելի քան 130 գիրք, որոնց մեծ մասը թարգմանվել է աշխարհի 17 լեզուներով` ռուսերեն, ուկրաիներեն, բելոռուսերեն, լիտվերեն, արաբերեն, վրացերեն, պարսկերեն և այլն:
Նրա բանաստեղծություններով ստեղծվել են 250-ից ավելի մանկական, էստրադային երգեր, մանկական օպերաներ, իսկ պիեսները բեմադրվել են հայաստանյան թատրոններում: Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական թատրոնը 2003թ. բեմադրել է նրա «Սիրավեճ ապահարզանից հետո» կատակերգությունը։
Գրողի «Լենինի հոլիկը» (1973թ.) պոեմն արժանացել է «Դետսկայա լիտերատուրա» հրատարակչության համամիութենական մրցանակին, իսկ «Ծաղկամանի գաղտնիքը» պիեսը բեմադրվել է Երևանի Հ.Թումանյանի անվան և Գյումրու տիկնիկային թատրոններում։
Կատարել է թարգմանություններ Պ.Տիչինայից, Ս.Մարշակից, Կ.Չուկովսկուց, Ս.Միխալկովից, Ա.Բարտոյից։
2005թ. արժանացել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալի: 2007թ. նրա «Հայրիկը և մայրիկը» բանաստեղծությունների ժողովածուն արժանացել է ՀԳՄ Վ.Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։ Նույն թվականին արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: 2010թ. «Մանկական երգարան» և «Ծաղկամանի գաղտնիքը» ժողովածուների համար արժանացել են «Թեքեյան» մշակութային միության Վահան Թեքեյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։ 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի ոսկե մեդալի, 2015թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի, ՀՀ վարչապետի հուշամեդալի, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի և Եղիշե Չարենցի անվան մրցանակի:
Մահացել է Երևանում: