Մի գրիր իմացածիդ մասին, գրիր նրա մասին, ինչով հետաքրքրված ես։ Քո մասին մի գրիր, այդքան էլ հետաքրքրական չես, որքան կարծում ես։
Թրեյսի Շևալիեն ծնվել ու մեծացել է Վաշինգտոնում։ Ավարտելով Օհայոյի Օբերլին քոլեջի անգլերեն լեզվի և գրականության բաժինը՝ 1980-ականներին տեղափոխվել է Լոնդոն։
Շևալյեն նախ աշխատել է հրատարակչությունում՝ որպես տեղեկատու գրքերի խմբագիր։ Մագիստրատուրայում (University of East Anglia) գրել է առաջին վեպը՝ «The Virgin Blue», իսկ երկրորդը՝ «Մարգարտե ականջօղով աղջիկը», նրան բերեց համաշխարհային ճանաչում և հնարավորություն տվեց նվիրվել գրականությանը։ Այսօր Շևալիեն 11 վեպի հեղինակ է և աշխատում է 12-րդի վրա։
Նրա վեպերը հիմնականում անցյալի մասին են, և պահանջում են մանրակրկիտ հետազոտություն։ Վիպասանը սիրում է անձամբ փորձել այն, ինչ անում են իր հերոսները՝ նկարել Վերմեերի նման, կար ու ձև անել, ասեղնագործել, ապակյա ուլունքներ պատրաստել․․․
Շևալիեն ակտիվորեն ներգրավված է մշակութային ու գրական կյանքում։ Եղել է Բրիտանական գրադարանի, մի շարք հիմնադրամների և գրական ընկերությունների խորհրդի անդամ, տարբեր թանգարանների ու փառատոների հովանավոր և Woodland Trust-ի դեսպան։