Անգլիական մոդեռնիզմի ամենաինքնատիպ գրողներից է, նաև այդ նոր գրական ուղղության տեսաբանն ու XX դարի ֆեմինիստական վեպի առաջատարը: Հեղինակ է մի շարք արժեքավոր գրաքննադատական հոդվածների, էսսեների, պատմվածքների և վեպերի:
Կին գրող, որի ստեղծագործության մեջ բացակայում է կանացի սենտիմենտալիզմը, և որի գրական ներդրումը առաջնակարգ գրականագետները համեմատում են Ջ. Ջոյսի հետ՝ ընդգծելով նաև Վ. Վուլֆի «գիտակցության հոսքի» գրական մեթոդի բացառիկությունը, որը, ի տարբերություն ջոյսյան հախուռն–անվերահսկելի մեթոդի, «ֆիլտրացված է», լեզվաոճական բազմաձևությունները ներկայացված են դասական անգլերենի դինամիկ պոետական–սահուն լուծումներով:
Ծնողների վաղ կորուստը դեռատի Վըրջինիայի առողջության վրա ծանր հետք է թողնում: Բժիշկները նրա մոտ հայտնաբերում են երկբևեռ աֆեկտիվ խանգարում, որն ավելի ուշ կտրուկ սրվում է ու զարգանում: Նա ինքնասպանության մի քանի փորձ է արել: 1912 թ. ամուսնացել է գրող, հրատարակիչ, քաղաքական տեսաբան Լեոնարդ Վուլֆի հետ, 1917 թ. նրանք հիմնել են «Հոգարդ փրես» հրատարակչությունը:
1941 թ. մարտի 28–ին հագնելով վերարկուն և գրպանները քարեր լցնելով՝ ջրահեղձ է լինում իրենց տնից քիչ հեռու գտնվող Ուզ գետում՝ նախապես ամուսնու գրասեղանին վերջին նամակը թողնելով: