Զամբյուղ

Հոլանդահայ ուսուցչի անցած ճանապարհը

Դժվար է պատկերացնել, որ մի պատանի, պոկվելով «օրենքով գողերի» երևանյան թաղամասից, իրեն ավելի խոստումնալից ապագա է երևակայել Հոլանդիայի ապաստարան հայցողների բազմազգ ճամբարներում։
Մայիսի 05, 2026 | Կարին Գրիգորյան


«Ես արմատախիլ էի հողից և ինձ պակասավոր էի զգում», — ասում է Գասի Գասպարյանն իր «Դրախտում մոլորված․ հոլանդահայ ուսուցչի ճանապարհը» գրքում, որը լույս է ընծայել Զանգակը։ Այս առիթով է զրույցը հեղինակի հետ։ Երևանից հետո 11-ամյա տղան ընտանեկան կյանքը ապրելու էր Հոլանդիայի՝ փախստականների ճամբարներում, որոնցով անցնելուց պետք է հաղթահարեր կրթական բարդ արգելքներ, ունենար կրոնական մթագնության տարիներ, մասնագիտական, ընտանեկան այլ բարդություններ, պիտի կրեր մեծ ընտանիքի հոգսը․ Գասին չորս երեխայի հայր է։

Նիդեռլանդներում նա ուսումնասիրում և դասավանդում է կրոնափիլիսոփայական առարկաներ։ Եվրոպական երկրի քաղաքացի է, եվրոպական մշակույթի կրող, ինչը, իհարկե, նրան չի կարող դարձնել երջանիկ սպառող կամ պատերազմների հետ հաշտված մարդ։ Դժվար է պատկերացնել, որ մի պատանի, պոկվելով «օրենքով գողերի» երևանյան թաղամասից, իրեն ավելի խոստումնալից ապագա է երևակայել ապաստարան հայցողների բազմազգ ճամբարներում։ Մինչդեռ Գասին գրքում պատմում է նպատակների մասին, որոնք մարդը կարող է դնել իր առջև՝ հակազդելու անիրական խոստումների մշուշին։

 

Կ․Գ․ — Որքա՞ն ժամանակ է այս գրքի գաղափարը խմորվել մտքումդ։

Գ․Գ․ — Գրելու հանդեպ սեր միշտ եմ ունեցել. որպես ռեփեր՝ գրել եմ բազում տեքստեր, հետո արդեն որպես հավատացյալ՝ հեղինակել եմ տարբեր բանաստեղծություններ Աստծու, հոգևորի մասին։ Հետագայում, արդեն որպես հասուն տղամարդ, կատարում էի ռեֆլեքսիվ գրառումներ, մինչև որ բոլորիս դուռը թակեց Քովիդը։

Իսկ համավարակի օրերին կարդացի մի նմանատիպ հոլանդական գիրք մի փախստականի մասին, որը տարիների պայքարից հետո դարձել էր բժիշկ։ Զարմանալի զուգադիպությամբ՝ նա նույնպես հայ էր։ Այդ գիրքը ոգեշնչեց ինձ, և հասկացա, որ իմ պատմությունն էլ գրելու արժանի է։ Բայց ես այն չգրեցի որպես success story (հաջողության պատմություն)։ Գրքում ներկայացա բավականին խոցելի կերպարով՝ պատմելով իմ վախերի և այլ ապրումների մասին։ Պատմությունը սկսվում է անորոշության շնչով, և նման հույզերը շարունակվում են մինչև գրքի ավարտը։

Դեմ գնալով սոցիալական հարթակների պատրանքային կատարելությանը՝ ես փորձեցի ցույց տալ մարդկային անկատարության գեղեցկությունը։ Հույսով եմ՝ անկեղծ և թափանցիկ բան է ստեղծվել։ Անհամբերությամբ սպասում եմ ընթերցողի գնահատականին։


Կ․Գ․ — Գրում ես, որ քո երևանյան դպրոցը կրում էր հայոց մեծագույն բանաստեղծի անունը, սակայն իրականում նույնիսկ հոլանդական գետտո-դպրոցից վատն էր։ Սովորաբար ցուրտ էր․ երբեմն վառարանը վառվում էր, բայց հաճախ ջեռուցում չկար։ Ճաքճքած պատեր, կոտրված պատուհաններ և վախ ներշնչող դեմքեր։ Դու գրելիս այդպես ես մտածել՝ հիշելով քեզ որպես երեխա՞, թե՞ արդեն որպես մեծահասակ։

Գ․Գ․ — Ցավոք, ես ավելի շատ դպրոցի հետնաբակն եմ հիշում, քան բուն դպրոցը. դպրոցի պարիսպի մի մասը մեր տան հետևի պատն էր։ Հիշողության ուսումնասիրությամբ զբաղվող մի գիտնական՝ Էլիզաբեթ Լոֆտուսը, ասում է, որ մեր հիշողություններին այդքան էլ պետք չէ վստահել․ դրանք կարող են չափազանցված կամ նույնիսկ ամբողջությամբ կեղծված լինել մեր մտքում։

Բնական է, որ գրելիս ես եղածը հիշել եմ որպես մեծահասակ․ որպես մեծահասակ՝ փորձել եմ մտնել երեխայի կերպարի մեջ ու երեխայի նման հիշել՝ պահպանելով գեղարվեստականությունը։ Բայց չի բացառվում, որ իրական պատկերը այլ լինի, քան իմ հիշողությունը։
 

Կ․Գ․ — Հետևո՞ւմ ես Հայաստանի աննախադեպ դպրոցաշինական շարժմանը։

Գ․Գ․ — Շատ լավ հարց է և ուզում եմ դրան պատասխանել մի հանրահայտ երգի բառերով: Նախապես ասեմ, որ, այո՛, հետևում եմ, և շատ ուրախ եմ, որ թեև որոշ հեռավոր գյուղերի դպրոցներ փակվում են, միևնույն ժամանակ բազմաթիվ նոր դպրոցներ են կառուցվում։ Ես Հայաստանից հեռու եմ ապրում և Հայաստանի համար ցանկացած լավ բան ինձ ուրախացնում է։

Ցավոք այսպես է․ որքան հեռանում ես Հայաստանից, այնքան քաղցր ու թանկ է դառնում այն, և ոչ միայն Հայաստանը, այլև ամեն հայկական բան, այդ թվում՝ երաժշտությունը։ Ֆորշի բառերն են․ «Երևանը տուն ու շենք չէ․ Երևանը մենք ենք»։

Զգացմունքային և նույնիսկ բանաստեղծական առումով սա մի գլուխգործոց է։ Ես սիրում եմ այս երգը, բայց եթե քննադատական տեսանկյունից նայենք, Երևանը քաղաք է, իսկ քաղաքը ոչ այլ ինչ է, քան տուն ու շենք։ Քաղաքը նյութական է, մինչդեռ դպրոցը՝ ոչ։ Եվ հենց այս երգի տրամաբանությամբ կարելի է ասել․ «Դպրոցը տուն ու շենք չէ, դպրոցը մենք ենք»։

Այդ մենք-ն են ուսուցիչն ու երեխաները։ Ուստի եթե այդ մենք-ը լավն է, ապա նույնիսկ փլված շենքում կամ խրամատներում կանգնած վրանային մի դպրոց կարող է ավելի լավը լինել, քան ամենաարդիական և կատարելագործված շենքը։

Այդ պատճառով, այո՛, ես ուրախ եմ, որ նոր դպրոցներ են կառուցվում, և շատ ավելի ուրախ կլինեմ, եթե որակը բարձրանա՝ ոչ միայն դպրոցական, այլև բուհական համակարգում, չէ՞ որ մեկը մյուսի հետ կապված է:


Կ․Գ․ — Դու գրում ես, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո ծնողներդ օգտվեցին երկիրը լքելու հնարավորությունից։ Պատմում ես, թե որոշումն ընդունվել էր անսպասելիորեն՝ ամառային արձակուրդի ընթացքում, և դու չէիր կարողացել հրաժեշտ տալ դասընկերներիդ։ Ասել է թե՝ «դու արմատախիլ էիր հողից ու քեզ պակասավոր էիր զգում»։ Ների՛ր, եթե հարցս կտրուկ հնչի․ չորս երեխայի հայր ես։ Ինքդ այդպես կվարվեի՞ր քո երեխաների հանդեպ։ Ինչպե՞ս ես վերլուծում այս հարցը՝ որպես ծնող։
 

Գ․Գ․ — Խոսելը հեշտ է, ինչ արած, ես էլ թեև անկեղծ, բայց հեշտ կխոսեմ ու կասեմ, որ այսօր, որպես հայր, դժվար թե այդպես վարվեի։

Երեխայի կյանքը մեկ օրվա մեջ գլխիվայր շրջելը հոգու վրա սպի կարող է թողնել։ Ես նույնիսկ իմ «մաշված» իրերից եմ դժվար հրաժարվում, ուր մնաց թե հայրենիքից, բայց ուզում եմ նորից կրկնել, որ «իմ տեղը տաք է», իսկ խոսելը՝ ամենահեշտ բանը:


Կ․Գ․ — Դու գրում ես, որ 17 տարեկանում հուսահատ ու թևաթափ էիր։ Նիդեռլանդներում մնալու հարցը մշուշոտ էր, բայց վերադարձի դեպքում Հայաստանում ապագայի հեռանկարը ևս անորոշ էր։ Ավելին՝ ապաստան հայցողների կենտրոնում մարդիկ սկսում էին ձևացնել, թե հոգեկան խանգարումներ ունեն, միայն թե չարտաքսվեին երկրից։ Գուցե պարբերաբար աղետների ենթարկվող Հայաստանում հուսահատության մատնվելն ավելի հե՞շտ է։ Նաև որպես կրոնի և փիլիսոփայության մասնագետ, ուսուցիչ՝ ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս ապավինել հույսին, թևաթափ չլինել։
 

Գ․Գ․— Ապագան սկսվում է դպրոցից, և դպրոցի նվազագույն տալիքը լեզուն ու այբուբենն են։

Եվ այդ երկուսից էլ ես աղքատացած էի տասնյոթ տարեկանում։

Ես գրեթե մոռացել էի այբուբենը, իմ լեզուն մի տեսակ «խառնուրդ» էր դարձել 90-ականների 11 տարեկան պատանու բառապաշարի և հոլանդերենի․ միայն այդ պատճառով իմ ապագան Հայաստանում մշուշոտ կլիներ։

Եվ իհարկե, Մասլոուի բուրգի առաջին շերտը՝ մարդկային հիմնական կարիքները բավարարելու կարիք էլ կար։ Բացի այդ՝ Հայաստանում այն ժամանակ շատ բան արվում էր «միջնորդներով», այսպես կոչված՝ կապերի միջոցով, իսկ մեր կապերի շրջանակը շատ նեղ էր։

Այդ իմաստով ևս՝ ապագան անորոշ և մշուշոտ կլիներ, էլ չեմ նշում մշակութային աշխարհայացքը․ այդ բոլորը մեկտեղ՝ ինձ իմ հասակակիցներից շատ կտարբերեր Հայաստանում։
Իսկ Նիդեռլանդներում «մշուշի» պատճառն ուրիշ էր՝ արմատից կտրված լինելը, քեզ հավերժ օտար զգալը և շարունակ ուրիշներին բան ապացուցելու մոլուցքը։

Այս երկու իրարից տարբեր իրավիճակները, որքան էլ տարօրինակ է, ունեն նույն հոգեբանական գույնը․ մի անորոշ տարածություն, որտեղ չգիտես որ կողմ գնալ, բայց ստիպված ես քայլել։

Ինչ վերաբերում է չհուսահատվելուն, ապա որպես կրոնի և փիլիսոփայության ուսուցիչ՝ կպատասխանեմ հետևյալ բառերով․

 

Հույսը զգացմունք չէ։ Հույսը արդյունք է, որոշում է։
Հույսը չի գալիս ինքն իրեն․ նրան պետք է կանչել։
Եվ երբ գալիս է, նա չի վերացնում մշուշը․
Նա սովորեցնում է քայլել դրա մեջ։

 

Ի վերջո՝ հավատն է հույսի սկզբնաղբյուրը։
Երբ հավատը կա, նույնիսկ փոքրիկ կայծով
Մշուշը դադարում է լինել պատնեշ և դառնում է ճանապարհ։

 

Կ․Գ․ — Մի հետաքրքիր դրվագ գրքից․ Հայ Առաքելական Եկեղեցում մկրտված ուսուցիչը Եվրոպայում մուսուլման աշակերտներին հաշտեցնում է հրեաների հետ։ Քեզ առաքյալ չե՞ս զգում (կատակ է)։ Բայց ավելի լուրջ․ նշում ես, որ կյանքիդ դժվար պահերին հայկական եկեղեցի ես գնացել։ Մինչդեռ քո գիտելիքը Կաթոլիկ եկեղեցու դավանանքին է վերաբերում, եթե ճիշտ եմ հասկանում։ Հակասություններ չե՞ս զգում։ Գրքում սրան նախընտրել ես չանդրադառնալ։ Եվ մի ենթահարց․ ինչպե՞ս «հանգեցիր» Նարեկացուն։
 

Գ․Գ․ — Առաքյալ՝ բառի ուղիղ իմաստով, իհարկե չեմ զգացել ինձ։ Բայց ավելի լայն իմաստով՝ ինչո՞ւ ոչ։

Նման իրավիճակները կարող են ճակատագրից տրված փոքրիկ առաքելություններ լինել։

Նիդեռլանդներում այդ երկու խմբերը՝ մարոկացիներն ու հրեաները, նույնիսկ մինչև Պաղեստինյան պատերազմը իրար տանել չէին կարողանում, իսկ հիմա՝ առավել ևս։ Երբ աշակերտներիդ մեջ ատելություն ես տեսնում, և գիտես, որ այդ ատելությունը սեփական փորձից չէ, այլ «ներդրված» է, պրոպագանդայի արդյունք է, դու ինքնաբերաբար փորձում ես մարդկանց մոտեցնել իրար, ոչ թե ավելի մեծացնել խզումը։ Մանավանդ երբ նրանց պատմության մեջ, բացի սեմական ծագումից, իրականում ուրիշ շատ ընդհանուր գծեր էլ կան։

1492 թվականին, երբ Եվրոպան «ռեքոնկիստայի» ընթացքում ազատագրեց Իսպանիան, շատ հրեաներ փախան Մարոկո, և այնտեղ ընդունվեցին գրկաբաց, ապրեցին որպես երկու եղբայր ժողովուրդներ։

Ավելին՝ շատ հնարավոր է, որ այն մարոկացիները, որոնք այսօր ատելով ատում են հրեաներին, իրենք էլ ինչ-որ մասով հրեական արմատներ ունենան։ Ահա և կույր քարոզչության հետևանքը։
Եվ եթե ես կամ իմ նման մի այլ ուսուցիչ չհիշեցնի այս պատմությունները, ոչ ոք դրանք չի պատմի նրանց․ իրենց մզկիթի իմամները հաստատ չեն պատմի։

Ինչ վերաբերում է իմ դավանանքին ու կրթությանը․ այո՛, ես կրթությամբ ավելի մոտ եմ բողոքական աստվածաբանությանը, որն ավելի է տարբերվում հայկականից, քան կաթոլիկ միտքը: Բայց քանի որ ծնվել և մկրտվել եմ Հայ եկեղեցում, այն ինձ հոգեհարազատ է։

Սա հակասություն չէ․ մեկը կարող է մի դավանանքի լեզուն սովորել, իսկ մյուսում՝ ապրել։ Իմ դեպքում նույնիսկ այդպես էլ չէ․ ես դեռ փնտրում եմ և ոչ մի տեղ լիարժեքորեն ինձ տանը չեմ զգում: Կարծես այստեղ էլ եմ արմատախիլ եղել:

Ինչ վերաբերում է Նարեկացուն, ապա նրան բացահայտեցի ոչ թե որպես ընթերցող, այլ հոգեպես ընկալող․ Նարեկացուն մասամբ հասկանալը բոլորովին էլ հպարտություն չէ․ ես ուրիշներին չէի ցանկանան, որ ճանաչեին նման ցավը:

Նարեկացու տողերում իմ հոգեվիճակը ճանաչեց ինքն իրեն, տեքստը դարձավ ոչ թե գրականություն, այլ երկխոսություն իմ ներսի հետ։


Կ․Գ․ — Գրքում գրում ես․ «Ճանապարհը, որով դու քայլել ես, քո սփոփանքն է։ Պետք է ավելի հաճախ հետ նայես»։ Սա իմ ամենասիրելի ձևակերպումն է գրքում։ Այն արդեն մեջբերում եմ ուրիշների համար, մտածում դրա շուրջ։ Ի՞նքդ ես եկել այս մտքին, թե՞ այլ հեղինակի գաղափար է։ Գուցե Աստվածաշնչի՞ց է։

Գ․Գ․ — Այդ տողերը հայելու հետ զրուցելու ժամանակ են ասվել, ամենայն հավանականությամբ՝ դրանք պետք է որ հենց իմ մտքի ծնունդը լինեն, գոնե ես չեմ հիշում, որ այդ նախադասությունը գրելիս որևէ աղբյուրից ոգեշնչված լինեմ։ Միգուցե այստեղ նույնպես տեղին է մեջբերել Էլիզաբեթ Լոֆտուսի խոսքը․ մեր հիշողությունները, միշտ չէ, որ «մեկին մեկ» համընկնում են իրականությանը, բացի այդ՝ ես համոզված եմ, որ այն ամենը, ինչ մենք ասում կամ անում ենք, ինչ-որ տեղից ոգեշնչված լինելու պտուղ են, իսկ այդ «ինչ-որ տեղը» կարող է գիտակցականից անդին էլ լինել։


Կ․Գ․ — Գրքում քո պատմությունն ավարտվում է որոշակի դադարով, որ վերցրել ես՝ ներքին խաղաղությունն և ներդաշնակությունը վերականգնելու համար։ Գրքի ավարտին ընթերցողին խորհուրդներ ես տալիս որպես ուսուցիչ։ Ինչպե՞ս որոշեցիր այդպիս լուծում տալ վերջում։


Գ․Գ․ — Ես գիրքը գրել եմ քովիդի համավարակի ժամանակ՝ որպես թերապիա։ Հետագայում այն ​խմբագրեցի, ձևափոխեցի և վերածեցի ոչ վավերագրական ​​պատմվածքի, որին ավարտ էր պետք: Ավարտն էլ որոշեցի այդ կերպ տալ։

Նկատած կլինես՝ գրքի լեզուն մի փոքր անմիջական է․ դա միտումնավոր է արված, որ մատչելի լինի, որպեսզի անգամ 14-15 տարեկան պատանիները կարողանան կարդալ։ Հոլանդերեն հրատարակությունից երկու տարի անց ես այն թարգմանեցի հայերեն և ահա արդեն հասանելի է հայ ընթերցողներին ևս։ Բայց քանի որ կյանքը կանգ չի առնում, և շատ ընթերցողներ, ինչպես դու, նկատել են, որ գրքի ավարտը կարծես ընդմիջում լինի, դադար, ուստի այսօր՝ չորս տարի անց ես շարունակում եմ գրել։ Գրում եմ անշտապ՝ ավելի մեծ տեղ տալով գեղարվեստական լեզվին․ երբ ժամանակը գա, երկրորդ գիրքը ևս կհանձնվի ընթերցողի դատին։

 

Բաժանորդագրվիր մեր նորություններին