Զամբյուղ
Մայիսի 23, 2025


«Զանգակ» հրատարակչության դասագրքերից արդեն հայտնի կերպարները՝ Պրպտիկն ու Մտմտիկը, երեխաներին կդիմավորեն «Այբբենարան» և «Մայրենի 1» դասագրքերում։

Ինչո՞վ է «Զանգակ»–ի «Այբբենարան»–ը տարբերվում մինչ օրս գործածության մեջ եղած այբբենարաններից։ Սա նոր մտածողություն, գրաճանաչության կազմակերպման նոր մշակույթ է բերում իր հետ՝ հաշվի առնելով ժամանակակից երեխայի սովորելու կերպը և հանրակրթության պետական նոր չափորոշիչները։

Հեղինակներ Աստղիկ Բալայանը և Աննա Գալստյանը առանձնացնում են մի շարք սկզբունքներ, որոնք դրվել են դասագրքի հիմքում՝ երեխայի կյանքից ու կենսափորձից բխող թեմաներ, սոցիալականացման, սովորողի նոր դերին հարմարվելու առաջադրանքներ, հնչյուն–տառերի այնպիսի հաջորդականություն, որը հնարավորություն կտա 3–րդ տառը սովորելուց հետո արդեն իսկ  կարդալ պատմողական նախադասություններ, կատարել գործնական ու խաղային առաջադրանքներ բոլոր տառերի համար, զույգային ու խմբային աշխատանքի մղող աշխատանքներ։

Հետայբբենական շրջանն ունի կարճ ընթացք՝ ընթերցողական կարողությունների զարգացմանն արագ անցնելու միտումով։ Ներառված են թեթև, սովորողների կյանքի ու հետաքրքրությունների մասին խոսելու հնարավորությամբ փոքրածավալ նյութեր, տառերը որպես այբուբեն գործնականորեն ձևավորելու և ընկալելու աշխատանքներ։

«Մայրենի 1»–ը տառաճանաչ փոքրիկներին հնարավորություն է տալիս զարգացնելու ընթերցելու կարողությունը՝ միաժամանակ սովորեցնելով ճանաչել բնության լեզուն, կարդալ դա՝ հասու դառնալով բնության ու մարդկային արժեքներին։

Համահեղինակ Աստղիկ Բալայանը նշում է, որ գիրքը խորհուրդ է տալիս գիտելիքից զատ՝ կարևորել նաև արժեքների ճանաչումը․ «Յուրաքանչյուր դասից հետո մենք ծաղիկի վրա գրում ենք դասից քաղած արժեքները․ դասագրքի վերջին բացվածքը մի ծաղկուն այգի է, որտեղ մենք փնջում ենք գիտելիքներն ու արժեքները՝ առանց տարանջատելու դրանք»։

«Մայրենի 1» դասագրքում Պրպտիկն ու Մտմտիկը երեխաներին խորհուրդ են տալիս շատ խաղալ, ճամփորդել, զրուցել իրար հետ, ընկերություն անել, բնության և միմյանց հանդեպ հոգատար լինել։ Դասագրքի էջերից մեկում երեխաներին առաջարկվում է իրենց տարիքային առանձահատկություններին համապատասխան «գրադարակ»՝ հասանելի QR հղումով։ Գրադարակը խորհրդանշական է, որը երեխաներին ծանոթացնում է «Զանգակ»–ի հրատարակած և 6–8 տարիքային խմբի համար առանձնացված հրատարակություններին։

Պրպտիկի ու Մտմտիկի արկածներին կարելի է ծանոթանալ ոչ միայն «Զանգակ»–ի դասագրքերում, այլև «Զանգակ» հրատարակչության յութուբյան ալիքում։

 

 

 

 

***
Սեպտեմբերից դպրոցներում կշրջանառվի «Զանգակ» հրատարակչության շուրջ 50 նոր դասագիրք։ Ընդհանուր առմամբ, զանգակյան նոր հայեցակարգին համապատասխանող շուրջ 100 դասագրքերով կուսանեն տարբեր դասարանների սովորողներ։

Տարիներ շարունակ մշակված զանգակյան հայեցակարգի առանցքային դրույթները ներկայացնում է «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը։

 

 

Բաժանորդագրվիր մեր նորություններին