Ջեյմս Մեթյու Բարրին Շոտլանդիայի պարծանքն է, մանկական գրականության ամենակատարյալ և հուզիչ կերպարներից մեկի՝ Փիթր Փենի գրական կնքահայրը։ Անմայր ու անտուն տղայի կյանքը Բարրին վերածում է հրաշապատում զրույցի՝ փոքրիկ ընթերցողի համար հմտորեն հյուսելով երազային ու լուսավոր մի պատմություն, որ գրվել է վաղուց՝ ուրախ ու տխուր տարիներ առաջ, մեզնից հեռու մի աշխարհում... Մեկ գավաթ բուրավետ տաք թե՛յ խմեք Քենսինգթոնի զբոսայգում։ Ծեր Շագանակենին Ձեր գավաթի մեջ մի քանի մեղրահամ ծաղկաթերթ կնետի… Լսո՞ւմ եք, Փիթր Փենն է, սքանչելի սաղմոսներ է երգում՝ հյուսած հեռավոր ծովի բույրից, մոլորված խավարի մրմունջից ու դեղին անմոռուկների հուշերից։ Նրա նվագից տրոփում են մատղաշ սոճիների փշապատ սրտերը, բալենին ծաղկաթափ է լինում ու ճյուղերից հազարավոր կարմրիկ կանթեղներ կախ տալիս։ Կաղնու բնի խորշերից հայտնվում են երամ–երամ փերիներ, ու քամին սկսում է անհամբեր թերթել այս կախարդված պատմության էջերը։