1918 և 1991․ նկարչի կյանք՝ համընկնող Հայաստանի Հանրապետության ծննդյան տարեթվերին։ Այսօր կարող ենք մտովի կիսել Սարգիս Մանգասարյանի (Զակո) անցած բացառիկ ճանապարհը եւ կենսափորձը՝ որպես անցյալի վերանայման եւ ներկայի կառուցման հնարավորություն։
Ռուբեն Մանգասարյանին
Սարգիս
Խուստուփի ստորոտի Վաչագան գյուղից մինչեւ Բաքու 432 կիլոմետր է, Վաչագանից Երեւան՝ 304 կմ, Երեւանից ռուսաստաններ եւ վերջնակետը՝ Կրասնոդար՝ 1084 կմ, Կրասնոդարից Կիեւ` 1422 կմ, Կիեւից Զանդպոստել՝ 1746 կմ, Զանդպոստելից Ալտենգրաբով` 314 կմ, Ալտենգրաբովից Բոբրույսկ՝ 1268 կմ, Բոբրույսկից Կապան՝ 2848 կմ։ Երեւանում հաստատվելուց առաջ Սարգիս Մանգասարյանի անցած ճանապարհն է՝ կամավոր, թե հարկադիր։
Վաչագանցի Սաքոն, որի հայրը խանութպան էր Ղափանում, յոթ տարեկանում հայտնվել էր Բաքվում՝ հորեղբոր մոտ, գուցե այն պատճառով, որ կուլակաթափ չլինելու համար Սարգսի հորը խորհուրդ էին տվել փակել խանութը, տղային էլ ուղարկել հեռու։ Մեկ-երկու ամիս գնացել էր գյուղի մասնավոր դպրոցը։ Իսկ Բաքվում դպրոցի ճամփին նկարչական ստուդիան էր, այնուհետեւ՝ Գեղարվեստական ուսումնարանը, որտեղ կանգ էր առնելու մի օր 1935-ին։ Սովորելու էր Պերճ Պռոշյանի միջնեկ որդու՝ գեղանկարիչ Էաչի Պռոշյանի մոտ։
Այդ ժամանակ նույնիսկ առաջադեմ կթվար, որ վաչագանցի Սաքոն սովորում է Բաքվի գեղարվեստի ուսումնարանում՝ հակառակ Համբոյի Գիքորի ճակատագրի։ Խորհրդային Երեւանը դեռ մայրաքաղաքի տեսք չուներ, ու շատ գյուղական մնաց 1937-ին առաջին անգամ այն տեսած 19-ամյա տղայի հուշերում։ Սաքոն հեռուն գնաց, հասավ Աստրախան, Արխանգելսկ, Մոսկվա, սովորեց Կրասնոդարի արվեստի դպրոցում՝ ծննդով բաքվեցի ու Ռուսաստան տեղափոխված նկարիչ Վռամշապուհ Շաքարյանի մոտ։ Բանակ զորակոչվեց 1939-ին։
Խորհրդային քաղաքացի Սարգիս Մանգասարյանին, որպես կյանքի հնարավորություն, Երկրորդ համաշխարհային պատերազմը վերադարձրեց ինքնությունը՝ հայ գերի (գերմանական գերության մեջ ռուս զինվորներին շատ ավելի վատ էին վերաբերվում)։ Սարգիսը դարձավ Զակո, այդպես նրա անունը տառադարձեցին ռազմագերիների տարբեր ճամբարներում։ Քչերի թվում՝ նկարիչ Զակոն փրկվեց սովամահությունից ու ցրտից, ամենայն հավանականությամբ, նկարելու հմտության շնորհիվ։
1945-ին գերմանական նոթատետրում Սարգիսը սկսեց գերության մեջ վերջին օրագիրը, այնուհետև՝ տունդարձից հետո, հուշեր գրեց մինչեւ 80-ականներ։
Անսպասելի
Անցյալ տարի սիրալիր նամակ ստացանք անծանոթ տիկին Նունեից, որը գտել էր մեզ Քարաշամբ գյուղում եւ տեղեկացնում էր, որ ինքն էլ տուն ունի այստեղ։ «Նունե Մանգ-յան» ազգանունն անմիջապես վերծանեցինք։ Համակարգչի էկրանին անսպասելի հայտնվեց 1982-ին արված երիտասարդ Նունեի դիմանկարը, հեղինակը՝ Սարգիս Մանգասարյան։ Երբ արդեն հանդիպել ու զրուցում էինք գյուղում (տիկին Նունեն բնակվում է ԱՄՆ-ում), նա գայթակղեց խոստումով, որ շատ հուշեր ունի մանկությունից ու մի օր, հուսանք, կպատմի դրանք որպես Մանգասարյանների պատմության շարունակություն։
Ռուբեն
Այս պատմության հնարավոր սկզբում կարող էր լինել Ռուբեն Մանգասարյանը՝ Սարգիս Մանգասարյանի կրտսեր որդին։ Մենակյաց, լռակյաց, անդադար ծխող իմ լուսանկարիչ ուսուցչից չեմ հիշում, որ երբեւէ մի բառ լսած լինենք նկարիչ հոր մասին։ Ռուբենի հետ հին ու նոր կուրսեցիներով խոսում էինք իր տեսած ու ապրած Արցախյան առաջին պատերազմից, նայում նրա լուսանկարները, սովորում էինք անվերջ, դասերից հետո մնում երկար։ Մեզ տանում էր Սեւան՝ ձուկ բռնելու (մուգ դեմքը լուսավորող ժպիտ ուներ՝ հիշեցի)։ Դեռ չէինք հասցրել վայելել ընկերությունը՝ դուրս գալով ուսանողի կարգավիճակից, երբ 2009-ին, 48 տարեկանում, սրտի կաթվածից գնաց Ռուբոն՝ սրտով չդիմանալով հիվանդ մոր խնամքին, կիսատ թողած վավերագրական լուսանկարչության մեջ իր կարեւոր ասելիքը։ Վաչագանում է աճյունը, ծնողների մոտ։ Մայրը նրանից հետո ապրեց եւս 7 տարի։
Տիգրան
2018, արվեստագետ, պատկերապատող Տիգրան Մանգասարյանը «Զանգակ» հրատարակչությունում է․ պատմության այն մասն է, որից գիրք է ծնվելու։
Տիգրանը բերել էր «Զակո․ խակ պտուղ» նախագիծը անգլերեն ու ռուսերեն նախնագրերով, որոնք 2011-2012 թթ․ նկարել էր միջազգային կոմիքս փառատոնով հայտնի Անգուլեմ քաղաքում։ «Զանգակ»-ում սիրվեց նախագիծը, եւ մոտ կես տարվա ընթացքում Սարգիս Մանգասարյանի պատմությունը թարգմանվեց հայերեն։
«ZAKO-ի գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ հայրիկին խնդրում էի պատմել, եւ նա դժվարանում էր: Մարդիկ, որոնք ցեղասպանություն կամ պատերազմ են ապրել, սովորաբար քչախոս են: Երբ նա սկսեց պատմել, հիշեցի նրա պատերազմական օրագրի ու գրառումների մասին։ Գիրքը սկսել եմ անել 2002-ին։ Ռուբոն կենդանի էր, ասում էր, որ շատ լավ նյութ է»:
2019-ին Հայաստանի նկարիչների միությունում Տիգրանը բացեց Սարգիս, Ռուբեն և Տիգրան Մանգասարյանների դիմանկարչական աշխատանքների ցուցադրությունը: Նույն թվականին «Զանգակը» հրատարակեց Տիգրան Մանգասարյանի «ZAKO. խակ պտուղ» գրաֆիկական նովելը (կոմիքսի կիրառմամբ)։ Այստեղ առաջին դեմքով հանդես եկող Տիգրանը, Սարգիսը՝ Զակոն, եւ նրա քրոջորդի Ռոբերտը (նույնպես նկարիչ) անցնում են իրենց վաչագանյան մանկության, ուսման տարիների եւ գերության սարսափների միջով՝ կարծես նպատակ ունեն ամեն գնով հաղթահարել գյուղացու ավանդական կենսակերպը խարխլած կոլտնտեսացման եւ հակակրոնական քարոզչության տարիները, ռազմական ճամբարների մահաբեր առօրյան եւ գերությունից վերադարձած նկարչի ստալինյան իրականությունը։
Գիրքը Սարգիս Մանգասարյանի ռազմական գերության ու գոյատեւման պատմությունն է՝ հիմնված նկարչի արխիվի, պատկերների, լուսանկարների, հուշերի եւ օրագրային պատառիկների վրա։
«Սկսեցի գրել գրքի սցենարը և ծախսեցի 2 տարի, որովհետև հնարավոր չէ հիմնվել մարդու կյանքի դրվագների վրա և ստեղծել գեղարվեստական գիրք: Ուզում էի հրատարակել օրագիրը, բայց հասկացա, որ այն ինքնին հետաքրքիր չէ: Այն արժեր դիտարկել որպես նյութ գեղարվեստական գրքի համար: Իսկ ո՞րն էր գաղափարը»:
Փոխելով ռազմագերիների ութ ճամբար Ուկրաինայից մինչեւ Գերմանիա՝ Սարգիսը ազատվել էր քառամյա գերությունից 1946-ի գարնանը։ Ամիսներ տեւած գիշերային ճանապարհներով, ապրանքատար գնացքներով հատելով սահմանները՝ միամյա հարկադիր կանգառ էր ունեցել Բելոռուսում (Բոբրույսկ) փաստաթղթերի պատճառով եւ վերջապես հասել Հայաստան։ Ըստ հուշերի՝ կարող էր վերջին ճամբարի իտալացի կամ ֆրանսիահայ ռազմագերի ընկերներին միանալ ու գնալ Վենետիկ կամ Փարիզ, բայց ընտրել էր մնալ ԽՍՀՄ-ում, ընտրել էր Հայաստանը։
Երազե՞լ էր Ղափանի սարերի վաղ մանկությունը, տունը (տիկին Նունեն հաճախ համեմատում է Քարաշամբի ու Կապանի սարերը)։ Որտե՞ղ էր ապրելու։ Իհարկե չգիտեր, որ Երեւանն արդեն մայրաքաղաք է, նորաբաց Գեղարվեստի ինստիտուտ ունի։ Սովորելու էր այնտեղ 1948-ից։ Ինչպիսի՞ն էր լինելու կյանքը վերադարձից հետո։ Նկարիչների միության անդամ՝ 1952-ից։ Ամուսնություն՝ Ղարսից Թիֆլիս հասած ընտանիքում խորհրդային քիմիկոս դարձած Վարվառա (Ամալյա) Մեսրոպյանի հետ, զավակներ ունեցան, 1959-ին՝ Տիգրանին, 1960-ին՝ Ռուբենին։
Հարց տվե՞լ էր ինքն իրեն Սարգիսը, թե՞ կարիք չկար, գիտեր՝ ինչ տարբերություն կա պատվերով նկարելու մեջ գերմանական գերության տարիներին եւ ստալինյան ԽՍՀՄ-ում։ Եթե հացի փշրանքից մինչեւ կուշտ փորով հաց ուտելու միջեւ չլիներ տարբերություն, արվեստը նրա համար գուցե իմաստ առներ կյանքի փեշակից ավելի։
«…Ինստիտուտը ավարտելուց հետո մի պատվեր ստացա: Պիտի Ստալինի պորտրետը նկարեի ամբողջ հասակով: Հետագայում նման պատվերներին նկարիչները «խալտուրա» էին անվանում, բայց Ստալինի կենդանության օրոք…Վախը սրտումս ավարտեցի գործը: Երբ փողը տվեցին, որոշեցի կյանքումս առաջին անգամ մի կուշտ փորով հաց ուտեմ: Գնացի «Արմենիա» հյուրանոցի ռեստորանը՝ այն ժամանակվա լավագույնը Երևանում ու մի սեղան «փռել» տվեցի: Բայց հենց ուզում էի սկսել, թիքեն բկիս կանգնեց: Ոնց որ մեջքիս կանգնած լիներ իրա խորամանկ ժպիտով: Նույնիսկ հիմա, երբ սեղանը լիքն էր, հարամ արեց ուտելս...» (հատված գրքից):
Վերապրողի զգացողությունները չենք իմանա։ Կարող ենք գուշակել կամ երեւակայել, դիմել փաստերի։ Հայաստանի Հանրապետության համար ողբերգական մի օր՝ սեպտեմբերի 19-ին, բայց 1941-ին, Զակոն գերեվարվեց ու հայտնվեց Ուկրաինայի սահմանային Վոլոդիմիրո-Վոլինսկ (ներկայում՝ Վոլոդիմիր) քաղաքում, այստեղ ոչ մի ճամբար չկար, գերիները նախ պետք է կառուցեին իրենց ճամբարները։
Ըստ գրքի՝ նոր խմբի մեջ եղած Զակոյի աչքի առաջ գերիները վրա են հասնում ճամբարի փշալարերի համար նախատեսված գերաններին ու սկսում կրծել ծառերի կեղեւը, խլում ձիու առջեւի խոտը։
Տիգրանի հետ առաջին զրույցը գրքի լույսընծայման առիթով էր, 2019-ին։
«Հայրիկս, ապրելով ստալինյան շրջանում, իր ողջ երիտասարդությունն ու հասուն տարիքի մի մասը փաստորեն զոհեց այդ ժամանակվա քաղաքական էլիտային: Ժամանակի նկարիչները չգիտակցված ու միանգամայն անկեղծ կերպով կատարում էին պետական, քաղաքական պատվեր։ Նկարիչները ոչ մի գաղափար չունեին, թե ինչ են անում դրսում: Արվեստը Խորհրդային միությունում մաքուր սոցռեալիզմ էր: Ամեն դեպքում, նրա կյանքն անօգուտ չանցավ: Մի կողմ դնենք, որ նա սովամահությունից 30 մարդ փրկեց ճամբարներում հենց այդ ակադեմիական ոճով նկարելու շնորհիվ: Երեւի իր առաքելությունն էլ հենց դա էր: Ակադեմիական ոճը, որը նա յուրացրել էր Ռուսաստանում, շատ տարօրինակ ձեւով իր գերության մեջ մեծ դեր խաղաց: Ինքը լուսանկարի մակարդակով անում էր դիմանկարներ, դրա դիմաց ստանում էր թութուն, որը փոխանակում էր հացի հետ եւ բաժանում սովամահ լինող ընկերներին»:
Երկու Տիգրան
«Զակոն» ստացվեց ճանաչողության գիրք եւ արձագանք գտավ արվեստագետների շրջանում։ Ռեժիսոր Տիգրան Առաքելյանը մտահղացավ ZAKO անիմացիոն ֆիլմը։ Նախագծի ստեղծագործական թիմը OnOff Studio-ն է Հայաստանից և Sacreblue Productions-ը` Ֆրանսիայից, պրոդյուսերը՝ Սուսաննա Խաչատրյանը։
«2019-ին, երբ կարդացի ամբողջական գիրքը, հասկացա, որ այս պատմությունը պետք է վերածել անիմացիայի՝ թե՛ վիզուալի, թե՛ ասելիքի տեսանկյունից էր կարևոր, որովհետև դա մի գիրք էր, որի նմանը Հայաստանում դեռ չէր եղել։ Մի կողմից էպիկական պատմություն էր՝ էպիկական իրադարձությունների ֆոնին, մյուս կողմից՝ շատ անձնական էր ու այն էլ պատմվում էր գլխավոր հերոսի որդու կողմից։ Կարծում եմ՝ հենց այսպիսի պատմություններ է պետք պատմել աշխարհին։ Շատ ֆիլմեր կան Երկրորդ համաշխարհայինի մասին, բայց դրանք հազվադեպ են անդրադառնում գերության միջով անցած միլիոնավոր մարդկանց ճակատագրերին» (աղբյուրը՝ այստեղ)։
Նախագիծն այս ընթացքում ստացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությունը, CARTOON Movie-ում՝ Eurimages հիմնադրամի համաարտադրության զարգացման մրցանակ, Sound and Color Grading Studio Award մրցանակը Meeting Point – Vilnius կինոձևաչափում եւ դրամական պարգև Madstone ստուդիայից։
Ճամբարի տարածքում առատ տարածված խոտածածկը որդի Տիգրանին հիշեցրել էր հոր խոսքերը․
«Փշալարից դուրս մեկնած ձեռքերի երկարությամբ ոչ մի խոտ չէր աճում, ծլած խոտն իսկույն ուտում էինք»։
Այժմ ճամբարի մի մասը սեփականաշնորհված է, վերանորոգված, գործում է որպես ձիարան։
Զակո
Ճամբարի հիմնական արժույթը թութունն է կամ հացը։
Հացի չափը որոշում է, թե քանի օր ավել կամ պակաս կապրես։ Թերսնումը ստույգ մահ է, խելագարություն, մարդակերություն, վերջինիս պատճառով՝ գնդակահարություն։ Գերին դեռեւս անպիտան հոգս է, հետո աշխատուժ կդառնա։ 1 տարվա ընթացքում Վոլոդիմիրո-Վոլինսկի ճամբարում 16․000 ռուս գերիներից կենդանի է մնացել 700-ը:
Տիֆի դեմ՝ եռման ջուր, ոջիլի դեմ՝ խարույկներ, երկար եղունգներ։
Ներքին շուկա, առեւտուր, գումար ունեցողներ։ Առեւտուր գերմանացիների հետ, սեփական արտադրանք՝ փայտից պատրաստված պատառաքաղներ, սաղավարտից պատրաստված դանակներ, ոմանց մոտ՝ գուլպա։
Ողջ է մնում 1-ը 10-15 գերուց։ Մեկուկես տարի Զակոյի կենդանի մնալու հրաշքը․ նախ՝ թիրախում ամենից առաջ ռուսներն են, իսկ այլ ազգությունները գերմանացիների հետ համագործակցելու առաջարկներ են ստանում, եւ երկրորդ՝ Զակոն մալեր է, նկարում է։
Նկարել թույլատրված է։
Ռուբենը Զակոյի ընկերներից է։ Թոքախտի վերջին փուլում է։ Ռուբենը Գորիսից է։ Հետո Զակոն կգտնի նրա հարազատներին։ Որդուն նրա անունով կկոչի։
Աշխատանք քարհանքում, տորֆհանքում։ Աշխատանքային ճամբարները վարձակալությամբ տրամադրվել են գերմանական մասնավոր սեկտորին։ Կազմակերպությունն ապահովում է սնունդ եւ կեցավայր՝ փոխարենն օգտագործելով ռազմագերիների աշխատուժը։
Ռասայական եւ քաղաքական հիմքով խտրականություն խորհրդային եւ եվրոպացի գերիների միջեւ։ Բրիտանացի ռազմագերին հուղակավորվում է առանձին գերեզմանոցում, հոգեւորականի մասնակցությամբ, զինվորական պատվով։ Խորհրդային գերիները՝ բարձված սայլի մեջ, դեպի եղբայրական գերեզման, առանց այլեւայլությունների։
Հիշողության պատառիկներ։ Ռեգբի։ Սպորտային մրցումներ։ Ֆուտբոլային խաղ վաղեմի ախոյանների՝ անգլիացիների եւ ֆրանսիացիների միջեւ։ Բռնցքամարտի մրցումներ։ Հաղթանակ Ֆրանսիայի թիմում։ Չեմպիոն՝ Ֆրանսիայի կողմից (հավանական է, որ այդ ընթացքում ֆրանսահայերը՝ կաշառելով վերակացուներին, մի շաբաթով իրենց մոտ են տարել Զակոյին)։
Դավաճաններ հաճախ են լինում եւ ենթարկվում ներքին դատաստանի գերիների շրջանում։ Մահապատժի միակ ձեւը խեղդելն է։ Վիճակն իրենն է։ Չի կարողացել սպանել մեղավորին, որը ողջ մնալուց հետո մատնել է։ Ուրեմն՝ համակենտրոնացման ճամբա՞ր։ Գերի թիվ 75՝ Սարգիս Մանգասարյան։ Մահվան դատավճիռն իրագործվում է 100 թիվը լրանալուն պես, այս պահին մենք 93-ն ենք։ Ամերիկյան դեսանտն ազատում է մեզ։
4․ 5․․․ Գրոսս-Լյուբարս (ներկայիս՝ Լյուբարս), մերոնք։
24․ 6․ 45․ Ալտենգրաբոֆ= այսօր լրացրեցին անկետաս
Վաղը սկսում ենք արշավը- դե ուրեմն Աստված մեր հետ-
Սպասեք, ես կվերադառնամ-
Գիշեր (թարգմանված է օրագրից, հատված գրքից)։
***
Բարդ է փաստական հիմքով վերակառուցել նկարչի հուշերը, ինչը փորձել է անել Աշոտ Հովհաննիսյանի անվան ինստիտուտի հետազոտող, ԵԳՊԱ դասախոս Աշոտ Գրիգորյանը։ 2024-ին նա պատրաստեց «Կռիվ մահվան դեմ» հետազոտությունը՝ փաստագրական հենք տրամադրելով ստեղծվող անիմացիոն ֆիլմին։
Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայում հաշվառվել է 5,7 մլն ԽՍՀՄ գերի։ 1941-ի հուլիսից-սեպտեմբերին, Կիեւի շրջանում խորհրդային բանակների շրջափակման ընթացքում գերեվարվել եւ զոհվել է կես միլիոնից ավելի զինվոր (աղբյուրները տարբեր թվեր են հայտնում)։
Սարգիս Մանգասարյանը գերեվարվածների թվում էր։ Օրագրերի մեջ եւ 80-ականներին գրված նամակների կամ հուշերի մեջ նա երբեմն շփոթում է եւ տարբեր ճամբարային քարտեզներ է ներկայացնում։
Ուսումնասիրելով մի շարք պետական արխիվներ ու նկարչի ձեռագրերը՝ Աշոտ Գրիգորյանը քարտեզագրել է ճամբարները, որոնցում պահվել է Մանգասարյանը, դրանց առօրյան, ռազմագերիների մշակութային կյանքը եւ այս աշխատանքի շնորհիվ պարզում ենք, որ ճամբարներում (որտեղ հիմնականում արեւմտյան երկրների ռազմագերիներ են), աննկարագրելի սովի ու ցրտի պայմաններում, երբեմն հնարավոր են եղել կրթական դասընթացներ, սպորտային կամ կրոնական միջոցառումներ, թատերական կամ երաժշտական խմբակներ։ Նկարել թույլատրված է եղել ի սկզբանե։
Մանգասարյանի միակ պահպանված դիմանկարների ալբոմը թվագրված է 1944-ի սեպտեմբերի 11-ից մինչեւ պատերազմի ավարտը։ Ալբոմում ռազմագերի ընկերների 25 դիմանկար է, դրանցից մի քանիսը տեղ են գտել «Զակո, խակ պտուղ» գրքում։
Ազատագրումից հետո Զակոն իտալացի ռազմագերի ընկերներից նվեր է ստացել մանդոլին գործիքը, նվագել է, եւ, հնարավոր է, գերության վերջին շրջանում եղել է երաժշտական խմբի անդամ։
Մեջբերենք Աշոտին․ «Եթե Մանգասարյանի տեսանկյունից նայենք, ապա նկարչությունը, եւ, հավանական է, երաժշտությունը, թույլ է տվել նրան, որ մշակութային գործունեության շնորհիվ կարողանա մասամբ օգտվել այն արտոնություններից, որոնցից օգտվել են եվրոպացի ռազմագերիները։ Եվ այդ հայացքի ներքո արվեստն ու մշակույթը իր կյանքի փրկօղակն են։ Սա ճիշտ է, բայց եւ պատկերի մի կեսն է։ Մյուս կեսը իրեն եւ մեզ այդքան հայտնի չէ եւ առանձին հետազոտության թեմա է․ օրինակ ինչո՞ւ էր ճամբարի վերակացուներից իր դաժանությամբ հայտնի, ազգությամբ հայ Աշոտ Մաթեւոսյանը կազմակերպում նույն ճամբարի երաժշտական խումբը, ինչո՞ւ ճամբարներում խրախուսվել է մշակութային, գիտական եւ կրթական գործունեությունը, երբ նրանք զրկված են եղել մյուս կենսական ռեսուրսներից» (մեջբերում զեկույցից)։
Հավանաբար ճամբարի ղեկավարման եւս մի ձեւ է, ասում է հետազոտողը: Մշակույթը ներքին լարումները, բարկությունները պարպելու տեղ է, արվեստի մյուս՝ մեզ ոչ այնքան նկատելի կողմն է բացում՝ չնսեմացնելով նկարչության կարեւորությունը Մանգասարյանի համար անձնապես, բայց տեղ բացելով, որ երկրորդ հայացքով նայենք հենց իր՝ Մանգասարյանի քննադատությանը։
«Եթե ընթերցեք օրագիրը, այն ամբողջությամբ լցված է երկու բանով, մի կողմից՝ խորհրդային զորքերի, կառավարության հանդեպ սուր քննադատություն, մյուս կողմից՝ գերմանական մշակույթի վեհացում ու փառաբանում։ Հիշում եք, չէ՞, ինչերի միջով է անցել, և ահա ճամբարի էնպիսի մի կառավարում, որ իրենց արածը երևա, թե խորհրդային իշխանություններն են անում, կամ խորհրդային մարդիկ են իրար դեմ անում։ Երբ ներսից ես նայում կամ դրսից, ուրիշ աշխարհներ են երևում» (մեջբերում զեկույցից)։
Հայտնի է, որ Մանգասարյանը համագործակցության առաջարկներ է ստացել գերմանացիներից Վոլոդիմիր Վոլինսկում, որոնք մերժել է։ Վերադարձից հետո հարցաքննությունների է կանչվել ՀԽՍՀ Պետական անվտանգության կոմիտե (ԿԳԲ): Ըստ որդու հուշերի՝ կոմիտե է գնացել օրագրերից մեկը շինելի գրպանում եւ հաջողացրել է հարցաքննությունից առաջ այն փայտե հատակի տախտակի արանքներից ցած սահեցնել։
Մանգասարյանը օրագիր է պահել մինչ 1958-ը՝ մինչեւ ամուսնությունը, բայց թողել է նաեւ հուշագրեր։ Գրել է ռուսերենով։ Օրագրերն ունեն իրենց բնորոշ ոճ, ընդհատուն, բանաստեղծական տրամադրություն։ Դրանք պահվում են Երեւանում եւ Վաչագանում, ավագ որդու մոտ։ Վերջին օրագրերն անգամ Տիգրանը չի ընթերցել, եւ գրեթե ուսումնասիրված չեն Մանգասարյանի հետպատերազմական 45 տարիները։
Մանգասարյանը՝ ռուսական դպրոցի եւ լեզվամտածողության կրող, օրագրերում ու հուշերում քննադատում է Խորհրդային Միությունը։ Ռազմական ճամբարում գրվող օրագիրը կարո՞ղ էր անձնական լինել։ Իսկ ստալինյան ԽՍՀՄ-ում գրվող օրագի՞րը։
Իրեն «մեծացրած» ռուսական մշակույթով հանդերձ, հայտնվելով իտալացի կամ ֆրանսահայ ռազմագերիների շրջանում, արդյո՞ք Մանգասարյանն ընկալում էր իր՝ արվեստի ու մշակույթի միջոցով եվրոպացի դառնալու հնարավորությունը՝ հարց է տալիս Աշոտ Գրիգորյանը, եւ կարծում, որ ի հայտ եկած երկակիությունն ու հակասությունները շատ ավելի խորն են եւ հին, եւ դրանք ոչ միայն Մանգասարյանին, այլեւ մեզ՝ հայերիս են վերաբերվում։
Մշակութայնորեն ապրվող կյանքով եվրոպացի դառնալու մեր մղումը շատ ավելի խորն է եւ հին՝ ասում է հետազոտողը, իսկ հարցի պատասխանը նրա վերջին աշխատանքներից մեկում է․
Մեզ անմիջականորեն ժառանգված բարքի դեմ եվրոպական քաղաքակրթությամբ, դրանից որդեգրված ոճով պայքարը, իբրև տարապայման պայքար, ի սկզբանե, դատապարտված է անհաջողության (էջ 76)։
Եթե ուզենար եվրոպացի լինել՝ չէր վերադառնա՝ ասում է Տիգրանը հետո, երբ միասին ընթերցում ենք այս տեքստը։
***
Սարգիս Մանգասարյան
Այնուհանդերձ, Զակոն նրա ինքնությունը չէր։ Երեւանի ընկերները նրան դիմում էին Սաքո, ինքն իրեն ներկայացնում էր Սարգիս Մանգասարյան։
Հնարավոր եղավ գտնել Սարգիս Մանգասարյանի՝ Հայաստանի նկարիչների միության հրատարակած 48 էջանոց կատալոգը (1979), որում, բնականաբար, ներառված չէին գերության տարիների դիմանկարներ, իսկ կենսագրական ակնարկում 1946 թվականը նշված էր որպես (պարզապե՛ս) զորացրման եւ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտ ընդունվելու տարեթիվ։ Ցավոք, կենսագրականը նույնությամբ պատճենված է նաեւ առցանց աղբյուրներում։
Կատալոգի շապիկի համար ընտրված է Խուստուփի համայնապատկերով «Եղնիկները անտառում» բնանկարը (1952), թեեւ Մանգասարյանն ինքն իրեն դիմանկարիչ է համարում։ Արդյո՞ք իր՝ Մանգասարյանի ընտրությունն էր եղել իր «հայրենիքի» պատկերով կազմը։ Դժվար է ասել։
Ի վերջո, վաչագանցի՞ էր իրեն զգում նկարիչը, բաքվեցի՞, երեւանցի՞։ Երեւի՝ վերջինը։ Դժվար է ասել։ Ըստ որդի Տիգրանի՝ Վաչագանում իրենք «էմիգրանտի» կարգավիճակ ունեին, քանի որ Նախիջեւանից էին․ Սաքոյի պապը՝ Առաքելը, տնփեսա էր եկել Վաչագան։ Իսկ Մանգասարը, ում անունով կնքվել էր տոհմը, սահմանամերձ Բիստ գյուղից էր՝ Քաջարան տեղափոխված 1810 թվականին։ Արդեն հասակ առած Մանգասարյանը երկու անգամ այցելել էր Նախիջեւան։ Բայց կապված էր իր մանկության Խուստուփին։ Ուսումնառության արձակուրդին, էտյուդ (ճեպանկար) անվանելով գործը՝ մոտ մեկ ամիս նկարել էր լեռան մայրամուտը՝ հարուցելով շրջապատի զարմանքը։

Ինչի՞ ես էս սարը նկարում, ա՛յ Սաքո, ամեն օր աչքներիս առաջնա, է՛լի (մոր՝ Վարսենիկի խոսքը, հատված գրքից)։
Տիգրանը հիշում է, որ տարիքն առած հայրը ավելի հաճախ էր ուզում լինել Վաչագանում, ստիպում էր, որ այնտեղ տանեն իրեն տարվա տարբեր եղանակներին։ Եվ հաճախ կրկնվող խոսք ուներ՝ հայրենիքը քո տունն է, մյուս երկրներն այցելության երկրներ են։
2020-ից հետո նկարչի անվան շուրջ հետաքրքրությունը կենտրոնացավ նրա գերության տարիների վրա՝ կարծես իմիջիայլոց ստվերելով նրա ստեղծագործությունը։ Մանգասարյանը ՀԽՍՀ եւ ԱԽՍՀ վաստակավոր նկարիչ է, նրա աշխատանքները Հայաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի պետական եւ մասնավոր հավաքածուներում են, նաեւ շրջանառվում են միջազգային աճուրդներում։ Վերջին երեւանյան ցուցադրությունը եղել է 2021-ին․ Սարգիս Մուրադյան պատկերասրահում ներկայացվել են նրա 1946-1960 թթ․ դիմանկարները։
***
«Զակո. խակ պտուղ» գրքում ուշագրավ դրվագ կա․ փոքրիկ տղան գերմանական կոչվող «պատժի մշակույթին» ծանոթանում է․․․ իր տանը։ Կապանի պղնձահանքերի սեփականատերերի թվում կային նաեւ գերմանացիներ։ Սարգսի հայրն ինժեներ էր գերմանացիների մոտ (հավանաբար Սիմենս եղբայրներին պատկանող Կեդաբեկի հանքերում)։
Այստեղ՝ պղնձահանքերում, հանքափորները և գործարանների բանվորները ապրում էին գետնափոր կեղտոտ կացարաններում՝ 20-25 հոգով տեղավորվելով մի «սենյակում»: Չնչին զանցանքների համար ենթարկվում էին ծեծի ու տուգանքների, իսկ անհնազանդության որևէ նշան ցուցաբերելիս անմիջապես հեռացվում էին աշխատանքից: Եթե աշխատանքի ժամին զրկվում էին աչքից կամ ոտքից, գործարանատերը կամ կառավարիչը նրանց վախեցնում էր՝ ստիպելով լռել կամ բավարարվել մի քանի տասնյակ ռուբլիներով (Արամ Սիմոնյան, Զանգեզուրի գոյամարտը 1917-1921 թթ․ էջ 37):
Արսեն Մանգասարյանը՝ Սարգսի հայրը, գերմանական շփումների շնորհիվ իր կենսակերպում տեղի ունեցող (օրվա ռեժիմի, կարգի) փոփոխությունները տարածում էր ընտանիքի վրա, ստիպում էր երեխաներին շուտ արթնանալ, հակված էր պատժելու կարգազանցությունը։ Դեռ փոքրուց գիտեի, թե ինչ է գերմանական պատիժը՝ պատմել էր Սարգիսը որդի Տիգրանին։
Ռեժիմի ու պատժի հանդեպ որդիական վախը կամ ակնածանքը գուցե վերահառնել էր գերության մեջ իր կնոջ դիմանկարը պատվիրած գերմանացի հրամանատարի կերպարում։
Սպան հեռացավ մի մութ անկյուն, որպեսզի ցույց տա, որ չի պատրաստվում խանգարել ինձ․․․ Ինչպիսի գերմանական նրբազգացություն․․․ Միայն հիմա հասկացա, որ վախը թողեց ինձ (հատված գրքից)։
Մարդկային կերպարի ավելի բարձր տեսակ, քան գերմանական սպան, ես երբեւէ չեմ տեսել․․․ (հատված գրքից)։
Հրամանատարի կինը Ուրսուլան էր։ Նրա մեջ Զակոն տեսել էր Բաքվում իր առաջին սիրուն՝ գերմանուհի Էմմային։ Իսկ պատերազմի ավարտից անմիջապես հետո, իր ազատության եւ Գերմանիայի պարտության օրը, եւս մի գերմանուհի՝ Լիզան, գրավելու էր նրա սիրտը։
Քո դիմանկարը ինձ միշտ կուղղորդի ինչպես երկնային աստղ։ Ես այն կտանեմ հեռու, հեռու եւ կթաքցնեմ կովկասյան լեռների հետեւում (գրքի ավարտը)։
***
Կենտրոնացնելով իր սուղ հնարավորություններն ու հմտությունները (անգամ բռնցքամարտի դասերը Բաքվում)՝ կենսասեր Սարգիսն ի զորու եղավ գոյատեւելու եւ ապրելու գերության մեջ արվեստով։ Անշուշտ, արվեստի վերաբերյալ նրա վարագուրային պատկերացումները վերանայման էին ենթարկվելու 60-ականներին, հատկապես Մոսկվայում Պիկասոյի գործերին ծանոթանալուց հետո։ Բայց արվեստի փրկչական նշանակությունը, արվեստի գոյաբանական արժեքը այլեւս չէր փոխվելու։
«… Գերության տարիներիս ամենամեծ երջանկությունը նկարելու հնարավորությունն էր: Հարյուրավոր դիմանկարներ, որ ես արեցի ռազմագերիների ճամբարներում, հետագայում ինձ դիմանկարիչ դարձրեցին…» (հատված գրքից):
Օրագրից, դիմանկարների ալբոմից ու լուսանկարներից զատ՝ Մանգասարյանն իր հետ Հայաստան էր բերել գրպանի հին ժամացույց, սպայական դաշույն, արվեստի մասին մի գիրք։ Ռեժիմի ու պատժի նախ գերմանական, ապա խորհրդային մթնոլորտում ստեղծագործելը ձեռք էր բերել փրկչական նշանակություն, բայց դարձել էր նաեւ գոյության ձեւ, ոչ միայն հմտություն։ Արվեստը, կարելի է ասել, կազմում էր նկարչի ինքնության առանցքը, սեփական կյանքին իմաստ հաղորդելու, ինքնաճանաչման խորքային հնարավորությունը։ Սարգիսն ապրում էր մի աշխարհում, որտեղ, ինչ-որ շրջված իմաստով, հենց ռեժիմն ու պատիժն էին hնարավոր դարձրել արվեստը նրա կյանքում։
Պտուղը ծառից հեռու չի ընկնում․ ռեժիմը կամ կարգը արտասովոր կերպով ներկա է Սարգսի որդիների աշխատանքում։ Ռուբենի համակարգչում անթիվ պանակներ կային, ամեն ինչ դասակարգված էր, մշտակա ու անխախտ էր նրա օրվա գրաֆիկը։ Ռուբենը վավերագրող էր։ Սպիտակի երկրաշարժի, Արցախյան առաջին պատերազմի իր լուսանկարներում որքան էլ շատ են հույզերը, դրանք չեն բխում ողբերգության գեղարվեստականացված կամ դրամատիկական բովանդակությունից։ Տիգրանը՝ պատկերապատող, էջերի վրա կադրերի կարգ ու հաջորդականություն է որոշում շուրջ 30 տարի։ Նա կրթությամբ գեղանկարիչ է, բայց կոմիքսի ժանրում աշխատում է ըստ սյուժեյի՝ դրամատուրգիական հենքի։ Ի վերջո, հոր պատմությունը Տիգրանը վերածեց գեղարվեստական սցենարի՝ դուրս բերելով եւ սրելով օրագրերում նկատելի հուզական ելեւէջները։
Մինչդեռ «Խակ պտուղ»-ը սկսվում է Տիգրանի համառ պնդումներով եւ Սարգսի՝ խոսելու դժկամությամբ։ Սարգիսն ապրում էր եւ որոշել էր գրել իր կյանքի պատմությունը ութսունը հատելուց հետո։ Գտել էր վերնագիրը՝ «Խակ պտուղ», որին տարբեր մեկնաբանություններ են տրված գրքում։ Բայց նա չէր կարող գրել իր լեզվով։ Լռելու որոշման հիմքում գուցե այն գիտակցումն էր, որ եթե ռեժիմն է թելադրում արվեստը որպես գոյության ու երջանկության (պատժի ու հաճույքի) հնարավոր ձեւ, ապա վերանայման հնարավորությունները համատեղելի չեն կյանքի հետ:
2025, Քարաշամբ

Պատկերացանկ
1․ Վաչագան գյուղը, 1932 թ․, լուսանկարի հեղինակ՝ Գուրոս
2․ Նունեի դիմանկարը, 1982 թ․, Սարգիս Մանգասարյան
3․ Բացվածք «Զակո․ խակ պտուղ» գրքից
4․ Տիգրան Մանգասարյանը եւ Տիգրան Առաքելյանը
5․ «Զանդպոստել» ճամբարի պահպանված բարաքներից
6․ Սարգիս Մանգասարյանի գրաֆիկական աշխատանքներից
7․ Աշոտ Գրիգորյանը
8․ Կադր Գրիգորյանի զեկույցից
9․ Սարգիս Մանգասարյանի կատալոգի շապիկը
10․ Մոր դիմանկարը Վաչագան գյուղի ֆոնին, 1938 թ․, Սարգիս Մանգասարյան
11․ Սարգիս Մանգասարյանի՝ գերությունից բերված իրերը
12. Էջ նկարչի օրագրից