Սոցիալական հոգեբանությունը ժամանակակից կարևորագույն և կիրառությունների լայն շրջանակ ունեցող գիտություններից մեկն է: Սոցիալ-հոգեբանական փաստերի և օրինաչափությունների իմացությունն անհրաժեշտ է ոչ միայն հոգեբաններին, այլև սոցիոլոգներին, մանկավարժներին, հոգեբույժներին, իրավաբաններին, կառավարման ոլորտի աշխատողներին և բոլոր նրանց, ովքեր իրենց գործունեության մեջ առնչվում են մարդկային հարաբերությունների, դրանց դրդապատճառների և կարգավորման խնդիրներին: Թեև «Սոցիալական հոգեբանություն» ուսումնական առարկան մտցված է Հայաստանի պետական և մասնավոր բուհերից շատերի ուսումնական պլաններում, սակայն մինչև այժմ համապատասխան ձեռնարկ չի ստեղծվել: Սա այդ պահանջները բավարարող առաջին ուսումնական ձեռնարկն է: Ձեռնարկի ինը ընդարձակ գլուխներում հեղինակը հետևողականորեն և մատչելի լեզվով ներկայացնում է ժամանակակից սոցիալական հոգեբանության հիմնային փորձը:
Գրքում զգալի տեղ է հատկացվում այնպիսի այժմեական խնդիրների քննարկմանը, ինչպիսիք են՝ սոցիալական փոքր և մեծ խմբերի տեսությունները, սոցիալական դիրքերի և դերերի տեսությունները, անձի ինքնագիտակցության ձևավորման և սոցիալական վարքի կարգավորման հարցերը, դիրքորոշումների և իմացական աններդաշնակության տեսությունները, համոզման և քարոզչության հոգեբանական օրինաչափությունները և բազմաթիվ այլ հետաքրքրական խնդիրներ: Յուրաքանչյուր գլխի վերջում բերվում է հանձնարարվող գրականության ցուցակ: Ձեռնարկը նախատեսված է բուհերի ուսանողների, դասախոսների, մասնագետ հոգեբանների և ընթերցողների լայն շրջանակների համար: