Թարմացում 02:08:2024
Երկա՜ր սպասված լուր ենք հայտնելու, մոտ արի էկրանին, սիրելի ընթերցող։
Եկավ այն կարևոր պահը, երբ հայտարարվելու են այս տարվա՝ թատրոնի փուլ անցնող մասնակիցների անունները, ովքեր ընդամենը մեկ ամիս անց բարձրանալու են թատրոնի մեծ բեմ ու ներկայացնելու են այս տարվա գիրքը՝ «Ագաթա Միստերին»-ն։
Հաղթողներն ընտրվել են տարբեր սկզբունքների ընդհանրացմամբ՝ գրքահոլովակների պատրաստում և ուղարկում, միջոցառումների և քննարկումների ներկայություն, մասնակցություն և ընթերցած գրքերի մասին արձագանքների ներկայացում։
Դե ի՜նչ, ահա հաղթողների անունները՝
Լեոն Շաքարյան
Կարմեն Մինասյան
Մարիա Փիլոյան
Սառա Հովհաննիսյան
Սոֆիա Մխիթարյան
Ֆրեյա Գրիգորյան
Աստղիկ Հովհաննիսյան
Արեգա Հսվհաննիսյան
Լիլյա Ղուկասյան
Մարիա Տեր-Մարգարյան
Շնորհավորու՜մ ենք բոլորին ու անհամբեր սպասում միասին նոր ու արկածային ճանապարհի մեկնարկին
***
2014 թվականից սկսած՝ «Զանգակ» հրատարակչության և ընթերցասեր դպրոցահասակների ամառը միասին է անցնում «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրի շնորհիվ:
Կարդալ, փոխանակել, զարգանալ սիրված գրքերի, կերպարների և հեղինակների, թարգմանիչների և թատրոնի միջավայրում, կարճ ասած՝ սա է ծրագրի յուրահատկությունը՝ գումարված այն ջերմությանը, որն իրար են փոխանցում ծրագրի կազմակերպիչներն ու ընթերցասեր երեխաները:
Զանգակյան ամառն այս տարի կրկին դուրս է եկել մայրաքաղաքի շրջանակից՝ իր գիրկն առնելով Աբովյանի, Չարենցավանի, Գյումրիի և Վանաձորի ընթերցասերներին:
Երեխաները ինչպես որ երևանյան գործընկեր գրախանութներում, այնպես էլ մարզերի նախապես ընտրված գործընկեր գրախանութներում՝ Փենշոփ, Գրքերի տուն, ԼուսԱն, Book Corner և Բուկինիստ, կարող էին ձեռք բերել ծրագրի մասնակցության քարտը, փոխանակել գրատնակի գրքերը, մասնակցել գրական միջոցառումներին:
Երկար ընդմիջումից հետո ակտիվությունն ու հետաքրքրվածությունը մեծ է. մայրիկներն ասում են, որ երեխաները սիրով են կարդում ու փոխանակում, նույն կարծիքին են նաև գրախանութների աշխատակիցները:
««Փեն Շոփ»–ում երեխաների հյուրն էր մանկագիր Հասմիկ Ափոյանը, մեզ էր միացել տեղի զարգացման կենտրոններից մեկը: Չարենցավանում մուլտֆիլմի դիտում ու քննարկում եղավ և հյուրասիրություն: Գյումրիում հավաքվել էին փոթերասերները, իսկ Փոթերի տարեդարձը նշեցինք Վանաձորում»,— պատմում է ծրագրի համակարգող Գայանե Ավդալյանը:
Շուտով հայտնի կդառնան ծրագրի լավագույն մասնակիցները՝ այն երեխաները, որոնք ամենից շատ գրքեր են կարդացել և փոխանակել, հոլովակներ են պատրաստել և մասնակցել միջոցառումներին: Հենց նրանք էլ ծրագրի համակարգող Ռիմա Հովեյանի հետ կպատրաստեն ծրագրի ամփոփումը՝ բեմ բարձրացնելով իրենց ընթերցած գրքերի կերպարներին:
«Երեխայի կյանքում շատ կարևոր է, որպեսզի նա և՛ տեսականորեն, և՛ գործնականորեն հասկանա, որ իր ընթերցած գիրքը կարող է կենդանանալ, որ դրա հեղինակն ու կատարողը կարող է դառնալ ինքը: Գիրքը չի մնա դարակում, այն կկենդանանա հենց իր շնորհիվ: Սա շատ հետաքրքիր փորձ է և երեխային ավելի ամուր է կապում գրքին: Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս փորձառությանը: Ուրախալի է տեսնել երեխաների ոգևորությունը, ծնողների ուրախությունը, հասարակության արձագանքը:
Շատ դժվարություններ են լինում գործի ընթացքում, որովհետև խոսում ենք ոչ թե արհեստավարժ դերասանների, այլ երեխաների մասին. նրանց հետ բեմադրություն անելը հեշտ գործ չէ, ավելին՝ դժվար, հոգնեցուցիչ ընթացք է, բայց պետք է տեսնել, թե ինչ պատասխանատվությամբ են երեխաները վերաբերվում գործին, գրականության ու արվեստի միախառնումը որքան ոգևորիչ է նրանց համար: Աշխատանքի ընթացքում լինում են տարբեր իրավիճակներ, փոփոխություններ, որոնք կապված են երեխաների հմտությունների և ունակություններ հետ: Ես փորձում եմ միախառնել թատրոնը, երաժշտությունը, նկարչությունը՝ գրականության գլխավորությամբ: Տեսնենք, թե այս տարի խումբն ինչ է մեզ մատուցելու»,— պատմեց Ռիման:
Օգոստոսի ողջ ընթացքն աշխատանքային է. «Ամառային ընթերցանության» մասնակիցներից լավագույնները պատրաստվելու են բեմադրությանը և աշխատելու են թատրոնի բեմում: Նրանց թեժ ամառը դեռ առջևում է։