2014 թվականին կանադացի գրող, «Աղախնի պատմությունը» և մի շարք այլ բեսթսելլերների հեղինակ Մարգարեթ Աթվուդը դարձավ մի յուրօրինակ գրական նախաձեռնության առաջին մասնակիցը՝ ստեղծելով մի գործ, որը ոչ ոք չի կարդա մինչև 2114 թվական։
Ապագայի գրադարանը, որի շրջանակում գրվել է վեպը, շոտլանդացի արվեստագետ Քեթի Փաթերսոնի հասարակական արթ-նախագիծն է։ Այն մեկնարկել է 2014-ին և տևելու է 100 տարի։ Նախագծի շրջանակում յուրաքանչյուր տարի հրավիրյալ մեկ հայտնի գրող ստեղծում է աշխատանք, որը փակի տակ կպահվի Օսլոյի քաղաքային գրադարանում 100 տարի և 1000 օրինակով կհրատարակվի միայն 22-րդ դարում։ Ձեռագրերը պահվում են փակ վիճակում՝ հատուկ նախագծված և ստեղծված «Լուռ սենյակում», որը Օսլոյի նոր Դեյքմանի հանրային գրադարանում է։ Աթվուդի «Scribbler Moon» վեպը ի պահ հանձնվեց հենց այս գրադարանին։
Այդ նպատակով Նորվեգիայի՝ Օսլոյի մոտ գտնվող Նորդմարկա անտառում տնկվել է 1000 եղևնի, որոնք կկտրվեն 2114 թվականին՝ ապահովելով հավաքագրված գրական գործերը տպագրելու համար նախատեսված թուղթը։ Այդ անթոլոգիայի ձեռքբերման վկայականները վաճառվել են 625 ֆունտ ստերլինգով։
Աթվուդը՝ հայտնի իր սուր մտահղացումներով, ապագայի հանդեպ հեգնական հավատով և գրական կանխատեսումներով, այս անգամ հրաժարվում է ընթերցողից՝ փոխարենն ընտրելով լռությունը, գրելով հանուն ապագայի ու ապագայի մասին։ «Դա գրելու ազատության ամենաբարձր ձևերից մեկն է, երբ ոչ ոք չի տեսնելու, չի մեկնաբանելու, չի քննադատելու քո գրվածքը»,– ասում է նա։
Իր մասնակցության մասին մի ելույթում Աթվուդն ասում է․ «Ես երբեք չեմ իմանա, թե արդյոք գրությունս հասել է ընթերցողին։ Բայց ես վստահում եմ։ Ապագան գոյություն ունի, և այնտեղ մարդիկ կլինեն, ովքեր կարդում են։ Սա մի ժեստ է ապագայի նկատմամբ բարեկամության, ոչ թե վախի»։
Նախաձեռնությանն արդեն միացել են բրիտանացի հայտնի վեպագիր Դևիդ Միթչելը, թուրք գրող Էլիֆ Շաֆաքը, գերմանացի գրող և թարգմանիչ Յուդիթ Շալանսկին և այլք։
Ի դեպ, Մարգարետ Աթվուդի «Աղախնի պատմությունը» հակաուտոպիական վեպն առաջին անգամ հայերեն թարգմանել և ընթերցողին է հանձնել «Զանգակ» հրատարակչությունը։
Աթվուդի լուսանկարը՝ The guardian