Մանկան աշխարհում կենդանիներն իրական են այնքան, որ նրանք սովորական մարդկանց շարքին են պատկանում․ խոսում են, հագնվում, ապրում բոլորի հետ միաձույլ ու ընդհանուր կյանքով: Այս երազային–իրական աշխարհի բնակիչներից մեկն է Ալվարդ Ջիվանյանը՝ հեքիաթագետ, թարգմանիչ, նաև մեր հրատարակչության մանկապատանեկան գրականության բաժնի խմբագիր: Նա ասես հրաշապատումների ու հեքիաթների միջից պարբերաբար հայտնվող փերի լինի. զրույցը նրա հետ մեր նոր հեղինակի՝ Էլվին Բրուքս Ուայթի և նրա երկու վիպակների բովանդակության շուրջ է:
Կ. Գ.— Մեր նոր՝ «Ստյուարտ Լիթլ» և «Շարլոթի սարդոստայնը» վիպակները հետևում են «Զանգակի» որդեգրած դասական գծին, թե՞ նոր ուղղություն են մանկապատանեկան գրականության մեջ:
Ա. Ջ.— Մենք սիրում ենք հրատարակել դասական մանկապատանեկան գրականություն: Թեև ժամանակակից մանկագրությունը հարուստ է և հետաքրքիր, բայց մենք համարում ենք, որ հիմք է պետք, և որ մեր պատանի ընթերցողը պետք է ինչ–որ չափով տիրապետի արդեն հաստատված հեղինակների ստեղծած գրականությանը։ Մի փոքր տարբերություն եմ նկատել։ Մենք սկսել ենք ավելի շատ հրատարակել ամերիկացի հեղինակներին. նախկինում կարծես ավելի հաճախ ընտրում էինք բրիտանացի հեղինակների:
Է. Բ. Ուայթը հետաքրքիր անձնավորություն է. նա շատ լավ է իմացել իր հասցեատերերին ՝ երեխաներին, գուցե խորհրդանշական է, որ նրա առաջին հայտնի վիպակը՝ «Ստյուարտ Լիթլ»–ը, լույս է տեսել 1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին: Նման պայմաններում այդպիսի գիրք գրելը... թեև ԱՄՆ–ն անմիջականորեն ներգրավված չէր պատերազմում:
Վիպակում հեղինակը համառորեն պնդում է, որ հերոսը մկնիկ չէ, այլ մկնիկի չափ տղա՝ ըստ երևույթին, հղելով Մատնաչափիկին, բայց հետևողական չէ իր պնդման մեջ, որովհետև վիպակի ընթացքում նա պարբերաբար տղային անվանում է մկնիկ, և հետո, ինչ խոսք, նկարազարդումն է դա բացահայտում։
Վիպակի նկարազարդողը՝ Գարթ Ուիլյամսը, հայտնի հեղինակ է, Ուայթի ժամանակակիցը: Նրա պատկերները սերտորեն առնչվում ու շատ լավ արտահայտում են Ուայթի ոճն ու վիպակի իրադարձությունները:
Իսկ «Շարլոթի սարդոստայնի» մեջ կերպարային են ագարակում ապրող գրեթե բոլոր կենդանիները և թռչունները: Իհարկե, գլխավոր հերոսը ագարակատիրոջ դուստրն է, բայց սարդը.. բավականին անսպասելի է, սովորաբար խոշոր, երևացող կենդանիներն են մարդացվում, և նրանց է տրվում խոսելու ունակություն: Գլխավոր հերոսը Շարլոթ անունով սարդն է:
Ուայթի հետաքրքրությունը կենդանական աշխարհի հանդեպ ունի խիստ օբյեկտիվ հիմքեր. Ուայթը եղել է մեծ կենդանասեր։ Նա ծնվել է Նյու Յորքում, ապրել է ագարակում, մանուկ հասակից տանը պահել է զանազան կենդանիներ՝ կրիաներ, ճագարներ..․
Կ. Գ. — Դա հիշեցնում է մեր մյուս հեղինակին՝ Բեատրիքս Փոթերին:
Ա. Ջ. — Այո՛, դե գիտեք, թե ինչպես է ստեղծվում լավ գրականությունը: Հեղինակը չի կարող չիմանալ կենդանական աշխարհը, չսիրել կենդանիներին և գրել դրա մասին:
Երկու հեղինակի ոճն էլ շատ պարզ է, թեև ոչ պարզունակ: Նրանք գրել են՝ մտքում ունենալով Ամերիկայում ապրող երեխաներին, բայց նրանց ստեղծագործությունները շատ արագ տարածվել ու թարգմանվել են աշխարհով մեկ: Է. Բ. Ուայթին մենք թարգմանում ենք առաջին անգամ: Շնորհալի թարգմանություն է արել Կարինե Դանիելյանը, որը բնակվում է Նահանգներում:
Շատ ուսանելի գրքեր են, երեխաների մեջ սերմանում են սեր դեպի բնությունը, կենդանիները, ընդ որում՝ դրանք ոչ թե ինչ–որ երևակայական կենդանիներ են՝ ինչ–որ տեղ հեռու՝ Հնդկաստանում, այլ մեզ ամենամոտ կանգնած ընտանի կենդանիներ են:
Տարածված կարծիք է, որ երեխաները սիրում են կենդանիներին: Բայց դա այդքան էլ գիտակցված սեր չէ: Նկատել եմ, որ հատկապես վաղ տարիքի երեխաները չունեն տեսակների հստակ տարանջատում և ավելի մոտ են կանգնած կենդանիներին և համարում են իրենց տեսակի, տարանջատումը տեղի է ունենում տարիքի հետ: Կենդանիների հետ մտերմությունն ու կապը բացատրվում են հենց սրանով:
Հատված «Ստյուարտ Լիթլից»
Հակառակ շատ մանուկների՝ Ստյուարտը լույս աշխարհ գալուն պես սկսեց քայլել։ Երբ նա մի շաբաթական էր, կարողանում էր մագլցել լամպի վրա՝ ձեռիկներով ու ոտիկներով բռնելով լարը և դեպի վեր ձգվելով։ Միսիս Լիթլն անմիջապես նկատեց, որ իր նախատեսած հագուստը բոլորովին չի համապատասխանում նրա չափերին։ Իսկույն գործի անցավ ու բրդի նուրբ մանվածքով հիանալի կապույտ վերնաշապիկ կարեց։ Այն դրսի գրպանիկներ ուներ, որոնց մեջ մկնիկը կարող էր պահել իր թաշկինակը, դրամը և բանալիները։ Ամեն առավոտ՝ մինչ Ստյուարտի հագնվելը, միսիս Լիթլը գալիս էր նրա սենյակ և ստուգում փոքրիկի քաշը պստիկ կշեռքով, որ փոստային նամակներ կշռելու համար էր նախատեսված։ Ստյուարտի ծնողները կարող էին հրաժարվել նորածնից՝ երեք սենթ արժողությամբ առաջին կարգի փոստային առաքումով տնից հեռու ուղարկելով նրան, բայց նախընտրեցին պահել ու մեծացնել։ Երբ մի ամսականում Ստյուարտի քաշն ավելացավ ընդամենը մեկ երրորդ ունցիայով, նրա մայրն այնքան անհանգստացավ, որ անմիջապես բժիշկ կանչեց:
Հատված «Շարլոթի սարդոստայնից»
Ողջ ձմեռ Ուիլբուրը հսկեց Շարլոթի ձվերի պարկը, ասես իր սեփական երեխաների համար էր հոգ տանում: Ցանկապատի տախտակների մոտ՝ գոմաղբի կույտի մեջ, նա հատուկ տեղ էր փորել ձվերի պարկի համար: Չափազանց ցուրտ գիշերներին նա պառկում էր այնպես, որ իր շնչով ջերմացներ նրանց: Ուիլբուրի համար աշխարհում ոչինչ այնքան կարևոր չէր, որքան այս փոքրիկ, կլորիկ արարածները. ոչինչ ավելի նշանակալից չէր նրանցից: Նա համբերությամբ սպասում էր ձմեռվա ավարտին և փոքրիկ սարդերի լույս աշխարհ գալուն: Կյանքը միշտ էլ հարուստ ու իմաստավորված է ու հաստատուն է թվում, երբ սպասում ես, որ ինչ–որ բան պիտի կատարվի, կամ նոր ծնունդ լինի: