Յուրաքանչյուրն իր աշխատանքի հեղինակն է այսօր (եթե անգամ բովանդակություն ենք ստեղծում արհեստական բանականության օգնությամբ)։ Դժվար է պատկերացնել մի ստեղծագործողի, որն անուն չունի: Անուն «նվիրելն» է եղել պատճառներից մեկը, որ կանանց ստեղծագործական աշխատանքի մասին չի խոսվել, պարզապես որովհետև կարելի էր չխոսել։
Այս գրառումը նվիրված է մի քանի կանանց, որոնք գրել կամ անմիջականորեն մասնակցել են վեպերի ստեղծման աշխատանքներին, սակայն նրանց անունները չեն հրապարակվել համապատասխան վերտառությամբ, երբեմն անգամ չեն հիշատակվել որևէ կերպ։ «Զանգակ»–ի հրատարակած գրքերի շարքում ևս կան նման օրինակներ։
Զելդա Ֆիցջերալդ (1900–1948)
Նրա օրագրերին ու նամակներին հասանելիություն ուներ ամուսինը՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը, և դա կարող է հասկանալի թվալ․ զույգն ապրում էր ստեղծագործ, ազատ ու բոհեմական կյանքով։ Ֆիցջերալդը կարո՞ղ էր իր կնոջ կյանքը համարել իր ստեղծագործական սեփականությունը։
Զելդան գրում էր, նկարում և պարում։ 1932 թ–ին նա գրել է «Ինձ թող մի վալս» (Save Me the Waltz) ինքնակենսագրական վեպը, որից զգալի հատվածներ ստիպված է եղել ջնջել Սքոթի պահանջով, քանի որ դրանք համընկնում էին նրա անավարտ «Գիշերն անույշ է» վեպի հետ։ Զելդայի նամակները մաս են կազմում Ֆիցջերալդի «Գեղեցիկներն ու Անիծվածները» վեպի։ Նրանց միջից Ֆիցջերալդն էր արհեստավարժ գրողը․ ոչ միայն իր, այլև Զելդայի կյանքը նրա նյութն էր․ «Դա ի՛մ նյութն է, ի՛մ նյութը, ո՞նց կարող էր նա իմ մեջքի հետևում գրել դա և առանց իմ կարդալու ուղարկել իմ հրատարակչին։ Ես աշխատում եմ այդ [«Գիշերն անույշ է» — Կ․ Գ․] վեպի վրա տարիներ շարունակ․․․», այստեղ անավարտ թողնենք Ֆիցջերալդի խոսքը․ նա վճարում էր Զելդայի հաշիվները և ապահովում նրա բարեկեցությունը, ուստի համարում էր, որ ինչպես իր, այնպես էլ իր կնոջ կյանքի բովանդակությունը իր սեփականությունն է։
Սոֆիա Տոլստայա (1844–1919)
18–ամյա Սոֆիային Լև Տոլստոյն ամուսնությունից առաջ տրամադրել էր իր օրագրերը, որպեսզի նա լիարժեք ծանոթ լինի իր կյանքի մանրամասներին․ Սոֆիան բնավ չէր ոգևորվել դրա բովանդակությունից՝ պարզելով տեղացի մի կնոջ հանդեպ նրա կիրքը։ Մինդեռ Լևը, Սոֆիայի գրած «Նատաշա» վեպի (1862 թ․) պարզության ու ճշմարտացիության հանդեպ հիացմունք հայտնելով, խորհուրդ չէր տվել հրապարակել այն։ Սոֆիան այրել էր վեպը Տոլստոյի հետ համատեղ կյանք սկսելուց առաջ։ «Պատերազմ և խաղաղություն» վեպում, այդուհանդերձ, «Նատաշա» վեպից տեղ էին գտել որոշ հերոսների անուններ, ինչպես հենց Նատաշա Ռոստովայի անունը, այնպես էլ Ռոստովների ընտանեկան և այլ տեսարաններ։
Համատեղ երկարամյա կյանքի ընթացքում երկուսն էլ օրագրեր էին պահում։
Սոֆիայի օրագրային գրառումներից մեկը․ 16 դեկտեմբերի, 1887 թ․։ «Այս անթիվ մտահոգությունների քաոսը, որոնք ընդհատում են մեկը մյուսին, հաճախ ինձ հասցնում է անճարակության, և ես կորցնում եմ հավասարակշռությունս: Իրականում հեշտ է ասել, բայց ամեն րոպե ինձ մտահոգում են սովորող և հիվանդ երեխաները, ամուսնուս հիգիենիկ և, ամենակարևորը, հոգևոր վիճակը, մեծ երեխաներն իրենց գործերով, պարտքերով, երեխաներով և ծառայությամբ, Սամարայի կալվածքի վաճառքն ու ծրագրերը..., նոր հրատարակությունը և 13–րդ հատորը՝ արգելված «Կրեյցերյան սոնատով», բախշման դիմումը Օվսյաննիկովոյի քահանայի մոտ, 13–րդ հատորի ուղղագրությունները, Միշայի գիշերաշապիկները, Անդրյուշայի սավաններն ու կոշիկները։ Չերկարաձգել տան վճարումները, ապահովագրությունը, կալվածքի պարտավորությունները, մարդկանց անձնագրերը, հաշիվների պահպանումը, պատճենելը և այլն, և այլն, և այս ամենը անպայման ուղղակիորեն պետք է վերաբերի ինձ»։
Սոֆիան Տոլստոյի 13 երեխաների մայրն էր (նրանցից 5–ը մահացել են վաղ հասակում), նաև՝ քարտուղարը, պատճենողը, խմբագիրը, կենսագիրը, արխիվավարը։ Միայն «Պատերազմ և խաղաղություն» վեպը (4 հատոր) նա պատճենել է մի քանի անգամ։ Իսկ Տոլստոյի համար՝ Սոֆիան․ «Կինը մեծ գործ է անում՝ ծնում է երեխաներ, բայց չի ծնում մտքեր, դա անում է տղամարդը»։ Սոֆիան, այդուհանդերձ, գրական փորձեր արել է․ 1904 թ–ին «Ամսագիր բոլորի համար» –ում («Журнал для всех») լույս են տեսնում նրա արձակ բանաստեղծությունները՝ Հոգնած (Усталая) գրական կեղծանունով։
Մերի Շելի (1797–1851)
1816 թ․ ամառային հորդառատ անձրևները ստիպեցին հանգստի մեկնած երիտասարդներին փակվել տանը։ Լորդ Ջորջ Բայրոնը ձանձրույթից առաջարկեց սարսափելի պատմությունների մրցույթ կազմակերպել։ Ամենասարսափելի պատմությունը՝ ապագա «Ֆրանքենսթայնը», գրեց ու մրցույթում հաղթեց տասնութամյա Մերին։
Մերին այս հավաքին մեկնել էր Բայրոնի մտերիմ Պերսի Շելիի հետ և ամուսնացավ նրա հետ նույն տարվա ավարտին։ Առաջին կնոջ ինքնասպանությունից հետո Պերսին դատարանում անարդյունք փորձում էր ստանալ իր երեխաների խնամակալությունը։ 1818 թ–ին «Ֆրանքենսթայն» վեպը երեք հատորով լույս տեսավ անանուն, սակայն համարվեց Պերսի Շելիի ստեղծագործությունը, քանի որ Մերին երբևէ չէր հրապարակվել, իսկ վեպի առաջաբանը գրել էր ամուսինը՝ ազատ և աթեիստական պատկերացումներով հայտնի հրապարակախոս և բանաստեղծ Պերսի Շելին։ Ավելին՝ նա նվիրել էր վեպը Մերի Շելիի հորը՝ իր քաղաքական իդեալին։ Անգլիայում` իր հայրենիքում, Պերսին արմատական էր համարվում, զրկվել էր ընտանեկան ժառանգությունից, նրա կերպարը սկանդալային էր և քննադատության առարկա: Շելիները տեղափոխվել էին Իտալիա։
Գրական ու քաղաքական ակտիվ քննարկումներով ապրող Պերսիի կյանքում 29–րդ տարեդարձը վերջինն էր․ իտալական Լերիչի վերադառնալու ճանապարհին նրա նավակը խորտակվեց։ 1923 թ․ Ֆրանսիայում հրատարակված «Ֆրանքենսթայն»–ի շապիկին նշված էր Մերի Շելիի անունը։ 1931–ին Շելին վերահրատարակեց վեպը՝ մեծ խմբագրական փոփոխություններով։
Մինչդեռ հետազոտողները հանգիստ չթողեցին այս պատմությունը՝ փորձելով բացահայտել, թե ինչ ազդեցություն է ունեցել Պերսի Շելին վեպի կայացման գործում։ Նա ավելի մարդկային է դարձրել հրեշին, էապես բարելավել է վեպը՝ խմբագրելով այն (փոխելով 5000 բառ 70000–ից), և, ինչու ոչ, արժանի է նշվելու որպես համահեղինակ։ 2009–ին լույս տեսած «The Original Frankenstein» գիրքը ներկայացնում է Մերի Շելիի ձեռագիր բնօրինակը և Պերսիի խմբագրված տարբերակը (հետազոտող՝ Չարլզ Ռոբինսոն), շապիկին երկուսի անուններն են։
Սուզան Սոնթագ (1933–2004)
Պրոֆեսոր Ռիեֆի և նրա օգնական Սուզանի ինտելեկտուալ մտերմությունը մեկ շաբաթ անց վերածվել էր ամուսնության առաջարկի, Սուզանը միաժամանակ դարձել էր Ռիեֆի կինն ու գիտական ասիստենտը։
Ծնողներիս և որդուս․ 1959–ին ամերիկացի սոցիոլոգ և մշակութաբան Ֆիլիպ Ռիեֆը հրապարակեց «Ֆրոյդ․ բարոյախոսի միտքը» (Freud: The Mind of the Moralist) աշխատությունը՝ առաջաբանում շնորհակալական խոսք հղելով նաև կնոջը՝ Սուզան Ռիեֆին։ Սուզան Ռիեֆը 26–ամյա Սուզան Սոնթագն էր․ նա չէր փոխել իր ազգանունը ամուսնությունից հետո, նրան իր գրքում այդպես էր ներկայացրել ամուսինը։ Շատ տարիներ անց Սոնթագի դռան զանգը հնչեց։ Նախկին ամուսինն ուղարկել էր գրքի օրինակն ու երկտող․ «Սուզա՛ն, իմ կյանքի Սե՛ր, իմ որդու մա՛յր, այս գրքի համահեղինա՛կ, ների՛ր ինձ, խնդրում եմ։ Ֆիլիպ»։
20-րդ դարի մեծ մտածող, քննադատ, վիպասան Սոնթագի կյանքին ու աշխատանքին նվիրված աշխատությունում (2009 թ․), որ արժանացավ Պուլիցերյան մրցանակի, հեղինակ Բենջամին Մոզերը մանրամասն անդրադառնում է փոքրիկ Դեյվիդի խնամքով զբաղվող և ամուսնու աշխատությունը վերամշակող ու խմբագրող Սոնթագի առօրյային։ Ի դեպ՝ կենսագրականի առաջին գլխից մի հատված, որտեղ անդրադարձ կա հայոց ցեղասպանությանը, թարգմանված է հայերեն․ (https://granish.org/inch–er–tesnum–syuzan–zontagy/):
Օգտագործված աղբյուրներ
https://www.killyourdarlings.com.au/article/beautiful–and–damned–the–myths–of–zelda–fitzgerald/
https://timenote.info/ru/Sofja-Tolstaja
https://www.livelib.ru/articles/post/44115–u–nej–odna–tsel–pochemu–lev–tolstoj–nenavidel–zhenschin
https://www.amazon.com/Writing–Womans–Life–Carolyn–Heilbrun/dp/0393026019?asin=034536256X&revisionId=&format=4&depth=1
https://www.theguardian.com/books/2019/may/13/susan–sontag–her–life–benjamin–moser–freud–the–mind–of–the–moralist–philip–rieff?utm_source=chatgpt.com