ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ | ԱՅԲԲԵՆԱՐԱՆ
Ուսումնական ձեռնարկ 15 տարեկանից բարձր ռուսախոս սովորողների համար
A1 - A2 միջազգային ընդունված չափանիշներին համապատասխանող «Սասունցի Դավիթ» ուսումնական ձեռնարկը նախատեսված է ռուսախոս պատանիներին և երիտասարդներին (15+) հայերեն գրել-կարդալ, խոսել-արտահայտվել սովորեցնելու համար։ Այս ձեռնարկը առանձնանում է առավել գործնականությամբ, հայոց լեզվի քերականության հանրամատչելի պարզ մեկնաբանություններով, տասնյակ տարիների դասավանդման գործընթացքում ձևավորված ճկուն և արդյունավետ մեթոդներով։
Գրքի 12 դասերը ներառում են տառուսուցում, գործնական, պարզ տերմիններ և խրթինաբանություններ բացառող քերականություն: Խոսակցական լեզվում օգտագործվող ընդունելի բառերը, այդ բառերով կազմվող ուսուցանող տեքստերը, յուրաքանչյուր դասի քերականական ձևերը ամրապնդող գրավոր և բանավոր վարժությունները ուսումնական գործընթացին հաղորդում են կիրառական նշանակություն։
Սովորողը, ըստ իր անհատական ընդունակությունների, կարող է յուրացնել այս դասերը 15–25 դասաժամերի արդյունքում։ Ուսուցչի հետ սովորելու պարագայում, ուսուցիչը պետք է բացատրի ամբողջ նյութը՝ սկսած տառերից և հնչյուններից, մինչև դասավերջյան ամփոփիչ վարժություններ, իսկ սովորողը բարեխղճորեն կատարի բոլոր առաջադրանքները։ Ինքնուրույն սովորելու դեպքում ուսանողը պետք է մանրամասնորեն և հետևողականորեն, առանց բացթողումների ուսումնասիրի բոլոր դասերը և կատարի բոլոր վարժությունները։ Գրքի անցած հնգամյա փորձաշրջանը ցույց է տվել, որ այն արդյունավետ է նաև առցանց պարապմունքների ձևաչափով, անգամ լեզվին բոլորովին անծանոթ ուսանողի դեպքում։
Ձեռնարկը ուղեկցվում է ամբողջ նյութը հնչեցնող լսանյութերով և դասերում արծարծվող մոտ 600 բառերի հիմնական նշանակությունը ցուցանող բառարանով։
Բոլոր դասերը կազմված են թեթև և հաճելի ոճով, յուրաքանչյուր տեքստ և երկխոսություն հետաքրքրություն է առաջացնում Հայաստանի նկատմամբ, ինչը ուսուցումը դարձնում է առավել գրավիչ և արդյունավետ։
Քանի որ այս ուսումնական ձեռնարկը հայոց լեզուն մատուցում է որպես օտար լեզու, տեքստերում կարող են հանդիպել թույլատրելիության սահմաններում հստակ քերականական կանոններից որոշ շեղումներ՝ ընկալումը դյուրացնելու համար։ Օրինակ՝ երբեմն ձայնավորից առաջ կարող է կիրառվել «ը» որոշյալ հոդը, պայմանական ապառնիի փոխարեն օգտագործվել սահմանական 6 ապառնին, կամ նախադասությունը կարող է կազմվել ուղիղ շարադասությամբ՝ ավելի սահուն շարադասության փոխարեն և այլն։
Ուսումնական ձեռնարկներն ազգային էպոսի հերոսների անունով կոչելը ունի սերունդներին արմատների նախաստեղծ էությանը, էպոսի դավանած արժեհամակարգին վերադարձնելու խորհուրդ։
Առավել մնայուն վերջնարդյունքի հասնելու համար խորհուրդ ենք տալիս հայոց լեզվի ուսուցման համապարփակ ծրագիրը սկսել «Սասունցի Դավիթ» գրքից, շարունակել «Մեծ Մհեր» փաթեթով և վերջացնել «Սասնա տուն» ձեռնարկով։