Գիրքը միշտ էլ ամենախոսուն ընտրությունն է՝ պատմություն, որ գրկում է, մտքեր, որ մնում են քեզ հետ երկար, հնարավորություն՝ ապրելու և արկածային ճանապարհ կերտելու արդեն հարազատ դարձած հերոսների հետ։
Այս անգամ «Զանգակն» առաջարկում է 2025 թվականին լույս տեսած բեսթսելեր հրատարակություններ, որոնք կարող են դառնալ հենց այդ առանձնահատուկ նվերը՝ ընտրված սիրով, ուշադրությամբ ու ճաշակով։
Ռումի, «Գազելներ»
Իրանական գրականության զարդն ու առանցքը համարվող մեծ պոետ և միստիկ Ռումիի 231 գազելներն արդեն հասանելի են հայալեզու ընթերցողին։ Իրանցիները, աֆղանները, տաջիկները, թուրքերը, հույները, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի ժողովուրդները խորապես կրել են Ռումիի հոգևոր ժառանգության ազդեցությունը, իսկ վերջին յոթ դարերի ընթացքում նրա պոեզիան թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Ռումիի պոեզիայի կենտրոնական գաղափարներն են աստվածային սերը, ես-ի ճանաչումը և միասնության գաղափարը։ Նրա լեզուն լի է խորհրդանիշներով՝ սերը որպես կրակ, պարը որպես հոգևոր շարժում։ Այս ամենը ընթերցողին փոխանցում է նաև սուֆիական գաղափարախոսության հիմքը։
Լյոու Ցըսին, «Երեք մարմինների խնդիրը»
Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե իմանայիք, որ ինչ-որ գաղտնի գիտական նախագծի շրջանակներում Երկիր մոլորակից կապ է հաստատվում կործանման եզրին գտնվող այլմոլորակային քաղաքակրթության հետ։ Կքաջալերեի՞ք այս որոշումը։ Պատրաստ ե՞ք ընդունելու Տրիսոլարիսի քաղաքակրթությունը՝ այն կործանելո՞ւ, թե՞ փրկելու մեզ․․․ Ֆենթըզիի սիրահարները կբացահայտեն նոր Չինաստան, մարդկային նոր որակներ, որոնք ապրում են մեր կողքին, ֆիզիկայի անլուծելի խնդիրների լուծումներ և շա՜տ այլ հետաքրքիր երևույթներ։
Թրեյսի Շևալյե, «Մարգարտե ականջօղով աղջիկը»
Թրեյսի Շևալյեի համաշխարհային ճանաչում ունեցող այս վեպը պարզապես դիմանկարի պատմություն չէ։ Այն պատմություն է լռության մեջ ծնվող զգացմունքների, նկարչի և նրա մուսայի բարդ ու նուրբ կապի մասին, մի սիրո, որն արտահայտվում է ոչ թե բառերով, այլ հայացքներով։ Գործողությունները ծավալվում են 17-րդ դարի Դելֆտում՝ Հոլանդիայի քաղաքում, որտեղ արվեստը և առօրյան միահյուսված են։ Վերմեերի խորհրդավոր կտավի լռությունը բացահայտելու համար հեղինակը մանրակրկիտ ուսումնասիրել է պատմական բազմաթիվ աղբյուրներ, և ընթերցողը գրքի առաջին էջերից հայտնվում է այդ ժամանակի մթնոլորտում՝ աշխարհը տեսնելով անմեղ աղախին Գրիտի աչքերով։ Նկարչության, լռության և չարտահայտված զգացմունքների լեզվով վեպը բացում է արվեստի գլուխգործոցի ծնունդը, ստեղծագործողի ներքին պայքարը և մի աղջկա ճակատագիրը, որի հայացքը հավերժացել է աշխարհի ամենախորհրդավոր կտավներից մեկում։
Յու Նեսբյո, «Ձնեմարդը»
Ամենահայտնի քրեական վեպերի շարքում իր ուրույն տեղն ունի նորվեգական ժամանակակից դետեկտիվի ամենաընթերցված գործերից մեկը՝ «Ձնեմարդը»։ Գիրքը քննիչ Հարի Հոլեի մասին պատմող շարքի կարևոր մասերից է և աչքի է ընկնում մռայլ մթնոլորտով ու հոգեբանական լարվածությամբ։
Սկսվում են ձմեռվա առաջին տեղումները, և սերիական մարդասպանն այս անգամ էլ ընտրում է իր զոհերին՝ միջին տարիքի, ամուսնացած կանանց։ Յուրաքանչյուր դեպքից հետո հայտնվում է ձնեմարդը՝ որպես լուռ, սարսափեցնող նշան։ Վեպը առանձնանում է իր դինամիկ կառուցվածքով, կերպարների խորությամբ և սոցիալական ենթատեքստով՝ բացահայտելով միայնության, ընտանիքի փլուզման և բռնության թեմաները։ «Ձնեմարդը» ընթերցվում է արագ, բայց թողնում է ծանր և մտածելու տեղիք տվող հետք։
Դանիել Գլաթաուեր, «Լավագույնը հյուսիսային քամու դեմ»
Պատմությունը սկսվում է սխալ ուղարկված էլեկտրոնային նամակից, որը դառնում է երկու անծանոթների՝ Էմմայի և Լեոյի միջև ծավալվող սիրային նամակագրության սկիզբ։ Առանց դեմ առ դեմ հանդիպելու՝ նրանք կառուցում են հարաբերություն, որը հիմնված է բառերի, ենթադրությունների և զգացմունքային ազատության վրա։
Գիրքը յուրահատուկ է իր ձևով․ ամբողջությամբ կազմված է էլեկտրոնային նամակներից՝ ցույց տալով, թե ինչպես ժամանակակից հաղորդակցությունը կարող է միաժամանակ մոտեցնել և հեռացնել մարդկանց։ Վեպը խորհում է սիրո, ընտրության վախի և «եթե»-ների ուժի մասին՝ թողնելով ընթերցողին մեղմ, բայց երկարատև զգացմունքային ազդեցություն։Ի դեպ՝ առաջարկվող գրքերին կից կգտնեք նաև շա՜տ նուրբ ու ոճային էջանիշեր, որոնք կուղեկցեն ընթերցողին գրքային ճամփորդության ողջ ընթացքում։ Փնտրե՜ք այս սիրունիկներին գրախանութներում ու պարգևե՜ք ժպիտ Ձեր սիրելիներին։
Ի դեպ՝ առաջարկվող գրքերին կից կգտնեք նաև շա՜տ նուրբ ու ոճային էջանիշեր, որոնք կուղեկցեն ընթերցողին գրքային ճամփորդության ողջ ընթացքում։ Փնտրե՜ք այս սիրունիկներին գրախանութներում ու պարգևե՜ք ժպիտ Ձեր սիրելիներին։