Զամբյուղ

Մերժումից մինչև բեսթսելեր

Գրական հաղթանակներ, որոնք սկսվել են «ոչ»-ից
Հունվարի 12, 2026 | Սյուզան Չիչակյան

Հինգ համաշխարհային բեսթսելեր, հինգ հեղինակ․ ի՞նչն է ընդհանրացնում նրանց։ Երբ ծանոթանաք վերնագրերին, կդժվարանաք հավատալ, բայց այս ցանկում տեղ են գտել գրքեր, որոնք նախապես մերժվել են և դժվար ճանապարհ անցել մինչև ընթերցողին հասնելը։ Նման պատմություններն իրոք շատ են։ Առանձնացրել ենք հինգ հեղինակ և գրական գլուխգործոց, որոնք հնարավոր է՝ այդպես էլ չկարդայինք, եթե չգտնվեր համարձակ հրատարակիչ։ 
 

Խալեդ Հոսեյնի«Օդապարուկ թռցնողը»

Տարբեր հրատարակիչների կողմից մերժվող առաջարկներ, գրախանութի դարակներում փոշոտվող օրինակներ, շնորհանդեսի դատարկ դահլիճներ․․․ Դժվար է պատկերացնել, որ խոսքը համաշխարհային բեսթսելեր «Օդապարուկ թռցնողը» վեպի մասին է։ Իր առաջին վեպի հրատարակման հոբելյանական՝ 20-րդ տարում Խալեդ Հոսեյնին ժպիտով է հիշում դժվարին ճանապարհը, որ անցավ գիրքը մինչև միլիոնավոր ընթերցողների սրտեր գրավելը։ Գրքի հաջողությանը մատների վրա հաշված մարդիկ էին հավատում։ Առաջին խիզախ հրատարակիչը Էլեյն Քոսթերն էր։ Իսկ գրքի հրատարակումից հետո Իսաբել Ալյենդեն «Օդապարուկ թռցնող»-ի համար մեծ ճանապարհ գուշակեց՝ չնայած համեստ վաճառքին։ Հեղինակի գրքերն արդեն իսկ թարգմանվել են շուրջ հինգ տասնյակ լեզուներով, դրանք տարիներ շարունակ գլխավորում են բեսթսելերների ցանկերը։ Հայերեն թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի։


Ջ. Ք. Ռոուլինգ«Հարրի Փոթեր» 

Անհավատալի է, բայց փաստ։ «Հարրի Փոթեր» վիպաշարը նույնպես դժվար ճանապարհ անցած գրքերի շարքում է։ Վհկության ու կախարդության աշխարհում ամենահայտնի տղայի պատմությունը հեղինակը գրել է իր համար չափազանց դժվար պայմաններում՝ գնացքում ծնված սյուժեն թղթին հանձնելով փոքրիկ մի սրճարանում։ Տարիներ շարունակ լավագույն տասնյակները գլխավորող վիպաշարը հրաժարվել է տպագրել 12 հրատարակչություն։ Առաջին գիրքը լույս է ընծայվել՝ պայմանով, որ հեղինակը պետք է օգտագործի տառային կրճատում՝ իր կին լինելը թաքցնելու համար։ Այսօր Ջոան Ռոուլինգը բրիտանացի միակ կին միլիարդատերն է, աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը։ Վիպաշարը թարգմանվել է 65 լեզվով, հրատարակվել միլիոնավոր օրինակներով։ Վիպաշարը հայերեն է թարգմանել Ալվարդ Ջիվանյանը։ Ի դեպ, քանի դեռ մեր ընթերցողը սպասում է շարքի հաջորդ վեպին, լույս ենք ընծայել Հոգվորթսի տնօրենի` Ալբուս Դամբլդորի ուշագրավ ծանոթագրություններով լեցուն Բիդլ Բարդի հեքիաթները։ 


Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ, «Մեծն Գեթսբի»

Դասական գրականության գլուխգործոցներից մեկը համարվող և «Ամերիկյան մեծագույն վեպ» կոչմանն արժանացած «Մեծն Գեթսբի»-ն գրելիս Ֆիցջերալդը ֆինանսական, ստեղծագործական և առողջական լուրջ խնդիրներ է ունեցել։ Դժվարությամբ ու վեպի հաջողությանը չհավատալով՝ «Մեծն Գեթսբի»-ն առաջին անգամ լույս է ընծայել Charles Scribner’s Sons հրատարակչությունը 1925 թվականին, սակայն այն ստվերում է մնացել մոտ երկու տասնամյակ։ Հեղինակը կյանքից հեռացել է իրեն անհաջողակ, իսկ իր աշխատանքը չստացված ու մոռացված համարելով։ Ֆիցջերալդի մահից տարիներ անց միայն սկսվեց գրքի փառահեղ ուղին, որը շարունակվում է մինչև օրս։ Հայերեն թարգմանությունը՝ Սոնա Սեֆերյանի։
 

Մարգրեթ Աթվուդ, «Աղախնի պատմությունը»

Բազմաթիվ մրցանակների արժանացած ու միլիոնավոր օրինակներով հրատարակված կանադացի գրող Մարգրեթ Աթվուդը նույնպես, մեղմ ասած, փառահեղ չի սկսել իր ճանապարհը։ 1960-ականներին իր առաջին գործերը նա տպագրում էր քիչ տպաքանակով․ հրատարակչությունները դեռևս զգուշությամբ էին մոտենում ֆեմինիստական և հակաուտոպիական թեմաներին։ Նրա առաջին ժողովածուն տպագրվել է ընդամենը 220 օրինակով՝ ձեռքով հավաքված և կարված։ Այսօր նրա ամենահայտնի վեպը՝ «Աղախնի պատմությունը», համարվում է հակաուտոպիական գրականության դասական, իսկ Աթվուդը՝ ինտելեկտուալ ակտիվիզմի օրինակ։ Գիրքը հայերեն է թարգմանել Հայկ Ֆելեքյանը։
 

Նիլ Գեյման, «Քորլայն»

Մինչ գրական աշխարհ մտնելը Նիլ Գեյմանը լրագրող էր և ստեղծում էր կոմիքսներ։ Նրա գլուխգործոցը համարվող «Քորլայն» վեպը սկզբում ընդունվեց զգուշավորությամբ ու մի քիչ նյարդայնացրեց հրատարակիչներին։ Մութ ու վախեցնող մթնոլորտը մանկական գրականության կանոններին ոչ մի կերպ չէր համապատասխանում։ Բայց հենց այդ յուրահատկությունն էլ դարձավ Գեյմանի հաջողության գաղտնիքը։ Նա ստեղծեց աշխարհ, որտեղ մանկական հետաքրքրասիրությունը հանդիպում է վախերին ու հաղթահարում դրանք։ Հայերեն թարգմանությունը՝ Արթուր Մեսրոպյանի։ 

Բաժանորդագրվիր մեր նորություններին