Փոքրիկ Ռոնյայի կյանքը փառահեղ սկսվեց և այդպես էլ շարունակվեց։ Թե՛ Մաթիսի բերդում, թե՛ անտառում նա հետազոտում էր բնությունը, ծանոթանում անտառի տարօրինակ արարածներին, բացահայտում էր կյանքի օրենքները՝ հաճախ ընդվզելով և ըմբոստանալով դրանց դեմ։ Նա դուրս է գալիս սեփական հոր դեմ՝ պաշտպանելու իր ընկերոջն ու իր գաղափարները։ Բնության մեջ մեծացող Ռոնյան ընդունում է մարդկանց ու կենդանական աշխարհի բոլոր արարածների՝ բնության բարիքներից հավասարապես օգտվելու իրավունքը և ստանձնում բնությունն անաղարտ պահպանելու պարտավորությունը։