Իրանցի մեծ պոետ և միստիկ Ռումիի (1207–1273 թթ.) ստեղծագործության գաղափարախոսական և գրական կշիռը աշխարհագրական կամ ազգային սահմաններ չի ճանաչում: Իրանցիները, աֆղանները, տաջիկները, թուրքերը, հույները, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի ժողովուրդները խորապես կրել են Ռումիի հոգևոր ժառանգության ազդեցությունը, իսկ վերջին յոթը դարերի ընթացքում նրա պոեզիան թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով:
Ջալալեդդին Մոհամմադ Բալխին (Ռումին) ծնվել է Բալխում (այժմյան Աֆղանստանում), մեծացել Քոնիա (Իկոնիա) քաղաքում (ներկայիս Թուրքիայում) և լինելով կրոնական քարոզիչ ու հրապարակախոս՝ ունեցել է ավելի քան 500 աշակերտ, իսկ 38 տարեկանում Ռումին իր ժամանակի ամենահայտնի գիտնականներից մեկն էր: 1224 թ. հռչակավոր սուֆի Շամս Ալ–Դին Թավրիզեցին, որը ճամփորդության մեծ սիրահար էր, այցելում է Քոնիա, որտեղ հանդիպում է Ռումիին, մտերմանում նրա հետ, դառնում նրա մեծ ուսուցիչը և Ռումիի առջև բացում սուֆիզմի ու կրոնափիլիսոփայական միստիկական ուսմունքի՝ թասավոֆի աշխարհը: Շամսն իր ազդեցիկ կերպարով, ինքնատիպ մտքերով ու գաղափարներով տակնուվրա է անում Ռումիի ներաշխարհը: Եվ սկսվում է նրա կյանքի շրջադարձային փուլը, որ տևում է շուրջ 30 տարի:
Այդ երեսուն տարիների ընթացքում Ռումին գրում է բազում բանաստեղծություններ, որոնք մինչ օրս համարվում են մարդկային մտքի ու հանճարի մեծ արգասիք:
Խրատը՝ ո՞ւր, ախր ես՝ ո՞ւր, ել գավաթը դարձրու, սաղի՛,
Կենսապարգեւ գինին շաղ տուր հոգուս վրա պապակ, սաղի՛:
Ափիս մեջ դիր թասը հոգու, ո՛վ սրտակից, ո՛վ բարեկամ,
Օտարների շուրթից հեռու՝ մոտեցրո՛ւ այն, ո՛վ իմ սաղի:
Ընչաքաղցին ու անհագին մի անկյուն տուր ու խոր մի քուն,
Հաց փնտրողին, խեղճ անկուշտին մի կտոր հաց տուր, ո՛վ սաղի:
Ո՛վ հիասքանչ հոգի անեղծ, մենք չենք եկել հացի համար,
Հյուրն ենք Շահի, գինին կարմիր մի՛ խնայիր մեզնից, սաղի՛:
Նախ ալ գինու թասը վե՛ր առ, դի՛ր ծերունու դողդոջ ափին,
Երբ հարբեց նա, հարբածների կո՛ղմը գնա, անձայն, սաղի՛:
Եղի՛ր տոկուն սիրո ճամփին, հարբածը՝ ո՞ւր, ամոթը՝ ո՞ւր,
Թե ամոթի գերին ես դեռ, գինով սրբիր այն, ո՛վ սաղի:
Ելի՛ր, սաղի՛, ամոթի ու պատկառանքի հին թշնամի,
Որպեսզի մեր բախտը խնդա, լի խնդությամբ արի՛, սաղի՛:
Սակայն պատմում են, թե նախանձի, խանդի և ատելության հողի վրա Ռումիի սաներն ու երկրպագուները հալածում են Շամսին, և երբ նա անհետ հեռանում է, Ռումին կորցնում է հանգիստը: Պոետը գիշեր ու ցերեկ սամայով է զբաղվում և գազելներ գրում նրա մասին, իսկ քաղաքի բնակիչները կարծում են, թե Ռումին խելագարվել է: Սամա արաբերենից բառացիորեն թարգմանվում է «լսել»: Սուֆիների մշակույթում այն նշանակում է բաժանվել ես–ից և, բանաստեղծություններ ու համաչափ հանգերով երգեր ունկնդրելով՝ ձուլվել աստվածային էությանը: Ռումիի պոեզիան ճիշտ համատեքստում ընկալելու համար կարևոր է ծանոթ լինել սամայի գաղափարին: Սաման սուֆիների ծիսական պարերից է. պարողները շրջան են կազմում և ժամեր շարունակ դանդաղ ու համաչափ պտույտներ գործում, մինչև որ հասնեն հափշտակության աֆեկտիվ վիճակի: Սաման հիմնականում պարում են հենց շրջանաձև տարածության մեջ: Շրջանը ժամանակի և հավերժության խորհրդանիշն է, որը չունի ենթադրելի սկիզբ կամ վերջ:
Նեյը (եղեգը) ու դաֆը (դափը) սուֆիների ամենակարևոր երաժշտական գործիքներն են: Նեյի նվագը սուֆիի գանգատի ձայնն է առ Աստված, որով նա խնդրում է Բարձրյալին վերադարձնել իրեն իր սկզբնակետին՝ այնտեղ, որտեղ նա ծագել է:
Ուշագրավ է Ռումիի փիլիսոփայությունը: Ավանդաբար իրար հակադրվող միտքն ու զգացմունքը Ռումին միմյանց լրացնող զորություններ է համարում: Նրա կարծիքով խելքը կարևոր միջոց է աշխարհը ճանաչելու և կենցաղային հարցերը լուծելու համար: Միևնույն ժամանակ խելքը միայնակ չի կարող մարդու բոլոր հարցերին պատասխան գտնել, ուստի պետք է այն միաձուլել սիրո և բարոյագիտության հետ, որպեսզի հնարավոր լինի հասնել կատարյալ ճշմարտությանը:
Ո՛վ սիրահարներ, ո՛վ սիրահարներ, ելեք ունկնդրեք՝ յարն է մեզ կանչում,
Ո՛վ լուսերեսներ, ո՛վ լուսերեսներ, եկեք մեկ դարձեք. երկինքն է ձայնում:
Ո՛վ խանդավառներ, ո՛վ խանդավառներ, ուրախությունն է եկել նազանքով,
Բռնել ենք նրա նուրբ շղթայի պես վարսերն, ու նա՝ մեր թեւը դողդոջուն:
Հասել է գինին՝ կարմիր, կրակոտ, ո՛վ դու մահապաշտ հոգի, հեռացի՛ր,
Ո՛վ սաղի, արի, բազմի՛ր իմ սրտին, ո՛վ վշտի վիշապ, անցի՛ր մի անկյուն:
Ո՛վ յոթ երկինքներ, հարբած քո բույրով՝ մենք հատիկներ ենք քո ձեռքում անկամ,
Հազար բարեւներ ու բյուր ողջույններ քեզ, ո՛վ գոյության աղբյուր անհատնում:
Ո՛վ հաճոյություն, մեզ կյանք պարգեւի՛ր, ո՛վ անուշ զեփյուռ, փչի՛ր մեր սրտին,
Ո՛վ քաղցրանվագ, քաղցրահունչ աշուղ, դայլայլի՛ր քաղցր, երգի՛ր անդադրում:
Բլուլ քաղցրասաց, շաքարահամ քո մրմունջն է ահա իմ ականջներում,
Քո երգ ու տաղն է առավոտ ծեգին ու մութ խավարին անվերջ ինձ հասնում:
Արդ՝ նազա՛նք ծախիր գեղանիներին, արդա՛ր արեգակ, ո՛վ պայծառաշող,
Եղանակի՛ր ու դաշնակի՛ր նորից լարերը մեկ–մեկ քո մեղմահնչյուն:
Լռի՛ր, մի՛ պատռիր վարագույրները բյուր գաղտնիքների, եղի՛ր գաղտնարան,
Եվ աստվածային համբերությունը թող արձագանքի քո սիրտ ու հոգում:
Ռումին հավատացած էր, որ սերը մարդու համար շարժիչ ուժ է, իսկ խելքը՝ որպես ուղեցույց, նրան հեռու է պահում սխալներից ու շեղումներից, սակայն Ռումիի ընկալմամբ գոյություն ունի երկու տեսակի խելք՝ ընդհանուր կամ լիարժեք և մասնակի: Վերևում նշվածը առաջին տեսակի մասին էր, իսկ մասնակի խելքը, ըստ Ռումիի, շահամոլ է, նյութապաշտ, հաշվենկատ: Այն մարդու ուշադրությունը կենտրոնացնում է առօրյա հոգսերի վրա, ինչի հետևանքով նա հեռանում է բացարձակ ճշմարտությունից: Ռումին իր բազմաթիվ գազելներում դատափետում է ա՛յս խելքը և իր ընթերցողներին հորդորում ազատվել դրանից:
Ռումին իր գազելների մեջ հաճախ ներկայանում է մի քանի ես–ով: Մի տեղ անձնական ես–ն է, մի տեղ մարմնավորումն է հավաքական ես–ի, մեկ այլ տեղ գործ ունենք իմացական ես–ի հետ: Այս իմացական կամ ճանաչողական ես–ն էլ, մի քանի աստիճան բարձրանալով, հասնում է աստվածային ես–ին, որի անունից Ռումին հաճախ է խոսում:
Փրկվեցի ես իմ խեղճ ես–ից, որ ցավից զատ, չուներ ոչինչ,
Այժմ չունեմ ես հայրենիք՝ բացի Աստծու անվերջ գութից:
Ո՛վ հավերժ շահ, հանգ ու չափը խողխողել է ու մորթել ինձ,
Ազատվել եմ ես վերջապես գազելներից ու բեյթերից:
Թող հանգերն ու սին խոսքերը ջրհեղեղը իր հետ տանի,
Ձեւ է միայն եւ հեռու է ճշմարտախոս բանաստեղծից:
Ո՛վ լռություն, դու ես միակ ճշմարիտը եւ միտքը թանկ,
Լռության մեջ չկա ոչ մի վախ ու սարսափ տագնապալից:
Ավերակ մի գյուղից ոչ ոք հարկ ու տուրքեր չի պահանջում,
Ես հարբած եմ, ուստի այսօր դու մի՛ կառչիր իմ խոսքերից:
Մինչ Նա ես–ս չխորտակի, չի տալու ինձ գանձեր անգին,
Մինչեւ չտա ինձ հեղեղին, չի ընծայի կապույտ ծովից:
Շատախոսը ո՞նց հասկանա քաղցրությունը խոր լռության,
Մի՛ որոնիր քնքշաբարո ելեւէջներ չորագլխից:
Հայելի եմ, հայելի եմ, ոչ խոսքաբան, ճարտարախոս,
Թե ականջը ձեր աչք դարձնեք, բան կիմանաք իմ վիճակից:
Ծափ եմ տալիս ինչպես մի ծառ, պտույտ գործում ինչպես լուսին,
Իմ անիվը հողեղեն է, անբիծ երկնի մեծ անիվից:
Ո՛վ տաղասաց, տաղե՛ր ասա, որ աղոթեմ ես քեզ համար,
Զի հարբում եմ եռանդագին լուսաբացի աղոթքներից:
Տե՛ս, իմ քուրձն ու իմ սքեմը չեմ խնայում ես քեզանից,
Բայց իմացի՛ր, կկիսեմ ես ինչ ձեռք բերեմ շահնշահից:
Շահնշահի ձեռքից կառնեմ մի գավաթ ալ կարմիր գինի,
Արեգակի աղբյուրն է միշտ տենչում մի կում այդ գավաթից:
Հոգնեց արդեն իմ կոկորդը, ո՛վ երգասաց, արդ՝ դու ասա,
Ո՛վ դավթաշունչ, ես մի լեռ եմ, լուռ ու հարբած, ընկած ուժից:
Պարսից գրականության անդաստանում Ռումին համարվում է ամենից բեղուն գրիչն ունեցող պոետը: Նրա ստեղծագործությունները կազմում են մի քանի ժողովածուներ, այդ թվում՝ վեց ընդարձակ մասերից բաղկացած «Մասնավի մաանավի»–ն («Բարոյագիտական պոեմ»), որը ներառում է 26 հազար բեյթ (երկտող):
Ռումիի գազելների դիվանը (ժողովածուն) ընդգրկում է 3230 գազել և 1994 ռուբայի (քառյակ):
Այս ժողովածուն հետագայում կոչվել է «Դիվան–է Շամս» («Շամսի դիվան»), քանի որ գազելների մեծ մասը վերաբերում է Շամսին կամ նվիրվել է նրան:
Հայաստանում Ռումիի գազելները թարգմանաբար ներկայացվում են «Զանգակի» նոր ժողովածուով. այստեղ ընդգրկված են Ռումիի՝ մեր համոզմամբ լավագույն 231 ստեղծագործությունները: