Yerevan Book Fest • Գրքի երևանյան միջազգային փառատոնի զանգակյան տաղավարում սիրով ու զեղչերով երեք օր ունեցանք։ Վերջապես Հանրապետության Հրապարակը նորից լեցուն էր ոչ միայն զբոսաշրջիկներով, այլև գրքի մարդկանցով, որոնք եկել էին որսալու քաղաքի գրական տոնական տրամադրությունը։ Իսկ որո՞նք էին Զանգակի թոփ 5 գրքերը, որոնք հրապարակից տուն գնացին նոր տերերի հետ։
Մեր ամենաթարմ հրատարակությունը՝ Թրեյսի Շևալյեի «Մարգարտե ականջօղով աղջիկը», որի շնորհանդեսը նշեցինք փառատոնի ընթացքում, առաջին տեղում էր և հպարտությամբ պիտի ասենք, որ վեպի առաջին տպաքանակը սպառվեց հաշված ժամերի ընթացքում։ Ով չէր հասցրել ձեռք բերել, առայժմ կարող էր լուսանկարվել գրքի ֆոտոզոնում :)
«Ինֆեռնո» վեպով հայալեզու ընթերցողի սեղանին հայտնված Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» երկրորդ տեղում է վաճառված գրքերի ցանկում։ Ի դեպ, եթե այս գրքում, սյուժեի զարգացմանը զուգընթաց, ընթերցողը ծանոթանում է Դա Վինչիի ստեղծագործությունների՝ հեղինակի առաջարկած մեկնաբանմանը, ապա կարող է փորձել նաև Մտածել ինչպես Դա Վինչին։
Երրորդ տեղում աֆղան ժամանակակից գրող Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» և «Օդապարուկ թռցնողը» վեպներն են, որոնք վաճառվել են ճիշտ նույն քանակով :) Արդեն բավական ժամանակ է, ինչ Հոսեյնին չի գրում, այլ զբաղվում է բարեգործությամբ։ Հոսյենիի վերջին փոքրիկ ստեղծագործությունը՝ «Աղոթք ծովին», տխրության մեջ չքնաղ է, գրականության խոնարհումը կյանքին։
Անսպասելի է, բայց հնգյակում հայտնված միակ մանկական գիրքը «Պահմտոցիկ Ծիկ–վիկ» գիրքն է, որը խաղի միջոցով երեխաներին ծանոթացնում է հիմնական գույներն ու կենդանիներին։ Պատրաստ եղեք, որ այս ուրախ ու բազմերանգ էջերը փոքրիկները սովորաբար կրծում են, պոկոտում ու քրքրում։
Չափազանց նուրբ մի ֆրանսիական վեպ՝ Մյուրիել Բարբերիի «Ոզնու նրբագեղությունը», եզրափակում է մեր հնգյակը։ Ռընեն՝ վեպի գլխավոր հերոսուհին, նախընտրում է ապրել աննկատ կյանքով․ «Բայց իմ մտքի գաղտնարաններում չկա մի մարտահրավեր, որը չկարողանամ հաղթահարել: Լինելով անունով, դիրքով ու տեսքով ոչնչություն՝ իմ գիտակցության մեջ ես անհաղթ աստվածուհի եմ»:
Վեպի մյուս կերպարների մասին կարող եք կարդալ այստեղ։
Քաղաքը միշտ է կարդում, այնպես չէ՞․ այս և Զանգակի մյուս բազմախորհուրդ գրքերը ձեզ են սպասում գրախանութներում :)